Միասին հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր առջև ծառացած բոլոր սպառնալիքները և մարտահրավերները, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Պաշտպանության նախարարությունում ելույթ ունենալով ՙՀայաստան-Սփյուռք՚ V համաժողովի մասնակիցների առջև: ՙՆման խնդիրները բավականաչափ են, ծագում են նաև նոր մարտահրավերներ` իսլամական արմատականության աճը, նոր մահմեդական պետություն ստեղծելու արմատականների փորձը, Եգիպտոսում, Սիրիայում հայերի նկատմամբ ճնշումները, Ուկրաինայի վերջին իրադարձությունները, որոնք ստիպել են մեր հայրենակիցներին այդ երկիրը համակած դիմակայության տարբեր կողմերում հայտնվել, Իրաքում եզդիների ցեղասպանությունը, որոնց ցավը մենք` որպես ցեղասպանություն ապրած ազգ, շատ լավ հասկանում ենք՚,- նշել է Օհանյանը:
Նախարարն ընդգծել է, որ ՙՀայաստան-Սփյուռք՚ համաժողովը Հայրենիքի առջև ծառացող խնդիրների ըմբռնման վկայություն է, և մի քանի հարյուր հայրենակիցների Հայաստան այցը վկայում է, որ ամբողջ աշխարհի հայերը մտածում են ազգի ապագայի մասին: