Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության`ինքնորոշման հանրաքվեի անցկացման և հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու ճանապարհով, կարգավորման առնչությամբ առնվազն տարակուսանք է հարուցում: Այդ մասին Turan-ին հարցազրույցում հայտարարել է 1993 - 99 թթ. Ադրբեջանի նախագահի նախկին օգնական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասնակից, քաղաքագետ Էլդար Նամազովը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերի հերթականությունը կանխորոշելու ցանկացած փորձ, ինչպես դա արել է Հեֆերնը, հակաարդյունավետ է, առավել ևս, եթե դրանք բխում են ոչ թե հակամարտության կողմերից, այլ միջնորդներից մեկի: Այս առնչությամբ, քաղաքագետի հավաստմամբ, ղարաբաղյան հակամարտության կաևգավորման առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանի դիրքորոշումն ընդունելի չէ Ադրբեջանի համար: ՙԴա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք չբերելու դեպքում Ադրբեջանը չի կարող Լեռնային Ղարաբաղի և հարակից օկուպացված շրջանների ազատում ակնկալել: Այս դեպքում ո՞րն է խաղաղարար գործընթացի էությունը և օգուտներն Ադրբեջանի համար: Բացել սահմանները, տնտեսական և քաղաքական հարաբերությւոններ զարգացնել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների օկուպացիայի պահպանման դեպքու՞մ: Հասկանալի է, որ նման մոտեցումն անընդունելի չէ և այդ պատճառով լրջորեն քննարկվել չի կարող՚,- հայտարարել է Նամազովը:
Նա նաև տարակուսանք է հայտնել նման հայտարարության համար պահի ընտրության առնչությամբ: ՙՆերկայումս քննարկվում է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդւպման հնարավորությունը: Որքանով կարելի է դատել, նման հանդիպման անցկացումը հարցականի տակ է, և ամերիկյան դիվանագիտությունը վերջին ժամանակներս բավականաչափ ջանք է գործադրում այդ նախաձեռնության իրականացման համար՚,- նշել է Նամազովը`ընդգծելով, որ այդ հանդիպման անցկացումը շատ կարևոր է:
Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներին հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը համարում է հակամարտության կարգավորման վեց տարրերից մեկը:Դեսպանի խոսքով, ինքը նկատի չունի, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն առաջին հերթին: ՙՈչ, ոչ. դա ենթադրվում է հիմնահարցի վերջնական լուծման շրջանակում: Ըստ համաձայնեցված վեց տարրերի, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծվելու է ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, պետք է վերադարձվեն: Այնպես որ՝ իմ խոսքերում ոչ մի նոր բան չկա՚,-ասել է Ջոն Հեֆերնը: