Իրանը որոշակի մտավախությամբ է նայում Հայաստանի և ԵՄ մերձեցմանը: Ավելին, բանակցություններ վարելով ադրբեջանական կողմի հետ Հորադիզ-Ասլանդյուզ անցակետի բացման շուրջ`Թեհրանը ուղերձ է հղում Հայաստանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ չի պատրաստվում հրաժարվել Հարավային Կովկասում իր շահերից, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
ՙԻրանն այսօր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական ծրագիրը, սակայն Թեհրանում գտնում են, որ դրա իրականացման պահը դեռ չի եկել՚,- գտնում է Շաքարյանցը: Ընդհանուր առմամբ, Շաքարյանցի կարծիքով, անցակետի բացումը հակամարտության գոտում, ինչպիսին Հորադիզն է /ԼՂՀ շրջակա ազատագրված տարածքներ-խմբ./, անիմաստ է, սակայն Իսլամական Հանրապետությունը բանակցություններ է վարում դրա բացման շուրջ`ցույց տալու, թե ով է տան տերը:
ՙԻրանը շատ լավ հասկանում է, որ Ասոցացման համաձայնագիր ստորագրելով ԵՄ հետ` Հայաստանը Բրյուսելից կախվածության մեջ է հայտնվում, որը պատժամիջոցներ է կիրառել ԻԻՀ նկատմամբ, և վաղ թե ուշ դա կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա՚,- ասել է քաղաքագետը: Նա նաև ենթադրել է, որ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ առաջիկա այցի ընթացքում տեղի կունենա ՙառանց փողկապների՚ հանդիպում, և այդ հանդիպմանն իրանական կողմը Հայաստանի առաջնորդին կոչ կանի մանրակրկիտ մտածել սեփական գործողությունների շուրջ: