Անկարան հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է թուրք հովվի սպանությունը Հայաստանի հետ սահմանի վրա և Երևանին սթափության կոչ է արել: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. ՙՄենք դատապարտում ենք անմեղ մարդու վրա կրակելը միայն սահմանն անզգուշությամբ հատելու համար՚: Անկարան Երևանին սթափության կոչ է արել նաև հարևանների հետ հարաբերություններում: ՙՆման անկանխամտածված միջադեպի արդյունքում հայկական կողմից ուժի կիրառումը չունի ողջամիտ բացատրություն՚:
Նշենք սակայն, որ թուրք հովիվը սպանվել է ռուս սահմանապահների կողմից, Հայաստանի սահմանը հատելիս, որը պահպանում են ռուս սահմանապահները:
Ինչպես ԻՏԱՐ ՏԱՍՍ-ին հաղորդել է Հայաստանում ԱԴԾ ՌԴ Սահմանապահ զորքերի մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը, ըստ նմախնական տվյալների, 35-ամյա թուրք հովիվ Մուստաֆա Ուլկերը խախտել է սահմանը: Նա նաև կրակել է սահմանը պահպանող ռուսական զորքերի ուղղությամբ, որից հետո փորձել է խորանալ հանրապետության տարածքում: Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ, վիրավորելով նրան: ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը հետաքննում է միջադեպը:
Իսկ թուրքական լրատվամիջոցների վարկածով հովիվը փորձել է հատել Հայաստանի սահմանը, որպեսզի վերադարձնի իր մոլորված անասուններին:
Թուրք հովվի դիակը նախօրեին վերադարձվել է թուրքական կողմից: