Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վայդոտաս Վերբա. Արևելյան գործընկերության ծրագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ. այն միայն ՙկողմ՚ է բաց հնարավորություններին

$
0
0

Պրն. դեսպան, այն բանից հետո, երբ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը և հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին, որոշ դիտորդներ սկսեցին խոսել տարածաշրջանում դիտվող քաղաքակրթական ջրբաժանի մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում նոր պատկերը Հարավային Կովկասում:

 

Ես հակված չեմ այդքան կոպիտ կերպով գնահատել իրավիճակը: 2009 թ. մայիսին Պրահայում հաստատված Արևելյան գործընկերության ծրագիրն ինքնին ստեղծվել է ԵՄ արևելյան երկրներին օգնության համար` բնակչության կյանքի բարելավման, հասարակական կյանքի ժողովրդավարացման մակարդակի բարձրացման, տնտեսական բարեփոխումների անցկացման նպատակով:

 

Բանն այն է, որ այն բանից հետո, երբ նախկին ԽՍՀՄ երեք մերձբալթյան հանրապետությունները և նախկին Արևելյան դաշինքի որոշ երկրներ ԵՄ անդամ դարձան, նախկին խորհրդային այլ հանրապետությունների, ներկայումս` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի անկախ պետությունների և Հարավային Կովկասի երեք երկրների շատ բնակիչներ սկսեցին Միացյալ Եվրոպան որպես իրենց ապագա զարգացման մոդել դիտարկել: 

Մենք էլ առաջարկեցինք նրանց Արևելյան գործընկերության ծրագիրը: Իհարկե, ծրագրի իրականացման խնդիրն ամենևին ԵՄ-ին այդ երկրների ինքնաբերական անդամակցությունը չէր: Ընտրությունն այդ երկրներին է: Չնայած շատ երկրներ, այդ թվում` Լիտվան, իրականացնելով իրենց ծրագրային բարեփոխումները, չեն կասկածել իրենց եվրոպական հեռանկարի հարցում:

 

Բայց Լիտվան և մյուս երկրները, որոնց մասին խոսում եք, միշտ Եվրոպայի, եվրոպական պատմության և եվրոպական քաղաքակրթության անմիջական մասն են եղել: Իսկ ինչ վերաբերում է Արևելյան հարևանության երկրներին, այստեղ ամեն բան այդքան էլ հեշտ չէ:

 

Իմիջիայլոց, վերջես ես Մոլդովայում էի և հանդես եկա հեռուստատեսությամբ, և հարց բարձրացավ, որ Մոլդովան այսօր, կարծես, նույնպես ձգտում է դեպի Եվրամիությունը, իսկ երկրում նման միասնական համաձայնություն այդ առնչությամբ չկա: Այո, դա այդպես է: 80-ական թթ վերջին- 90-ական թթ. սկզբին հասարակության բոլոր շերտերի բացարձակ միասնություն կար դեպի Եվրոպա ձգտման առնչությամբ, բացի մարգինալների փոքրաթիվ խմբից:

 

Դուք ունեիք ոչ միայն գենետիկ հիշողություն, այլ վերադարձի ծարավ, չէ որ շատերը դեռ հիշում էին նախախորհրդային ժամանակաշրջանը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում:

Եվ հետո, նրանք ձգտում էին որքան հնարավոր է արագ ազատվել Ռուսաստանի հովանավորությունից:

 

Այո, անշուշտ, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագիրը կառուցված է այնպես, որ ընդամենը 5 տարի անց մասնակից-երկրները կարողանան կյանքի բոլոր ոլորտներում իրենց վրա զգալ էական փոփոխությունները: Դա վերաբերում է կենսագործունեության բոլոր ոլորտներին: Բայց այն բոլոր միջոցներն ու հնարավորությունները, որոնք առաջարկվել են գործընկերներին, իմ խորին համոզմամբ, դուրս թողեցին ջինին ՙռուսական շշից՚, որը զգաց իր շահերին սպառնող վտանգը:

Չէ որ հասարակական կյանքի ժողովրդավարացման այդ գործընթացները կարող են փոխել շեշտադրումներն այն տարածությունում, որը Ռուսաստանը համարում է իր կենսական շահերը` լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ: Հանկարծ այդ երկրները կընտրեն մեկ այլ ուղի, որը տարբերվում է այն բանից, ինչն ընթանում էր դարեդար: Բայց ինձ, ոչ միայն որպես

դիվանագետի, այլ որպես մարդու, անհասկանալի է, թե որտեղ է այդ սպառնալիքը, ինչում է այն կայանում, ով և ում են այստեղ սպառնում: Ես ինքս, ինչպես նաև Եվրոպայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրների ու կառավարությունների ղեկավարներ,ասել են, որ Արևելյան գործընկերության ծրագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն միայն ՙկողմ՚ է բաց հնարավորություններին:

 

Այնպես ստացվեց, որ, այնուամենայնիվ, ջրբաժան առաջացավ միանշանակ զարգացման եվրոպական վեկտորն ընտրած երկրների և այն երկրների միջև, որոնց պայմանականորեն կարելի է ներառել ավտորիտար պետությունների յուրօրինակ միության մեջ:   Վերջին դեպքում շատ փորձագետներ տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը, որը մտահոգված է իր շահերով և դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հնարավոր հետագա առաջխաղացմամբ:

 

Կարծում եմ, որ Արևելյան գործընկերության ծրագիրը ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանի շահերին: Մասնակից-երկրներն իրենք են ինքնուրույն ընտրում զարգացման իրենց ուղին, ծրագիրը նրանց ոչինչ չի ստիպում: Ծրագիրը լայն հնարավորություններ է բացում ազատ առևտրի համար, հսկայական բաց շուկա: Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտին միանգամայն իրական է, և դա բոլորիս էլ ձեռնտու է: Դրա համար էլ ԵՄ-ն մոդիֆիկացնում է իր հարաբերությունները ոչ միայն ծրագրի անդամ երկրների, այլ նաև Ռուսաստանի հետ: Սակայն, տարբեր հասարակարգ և իշխանական տարբեր կառուցվածք ունեցող երկրներն ունենում են տարբեր նպատակներ, և այդ երկրներում հասարակության բարկեցությունը, հավանաբար, չի հանդիսանում գլխավոր նպատակ: Եվ եթե հարցին նայենք այդ տեսանկյունից, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում, և մենք ունենք այնպիսի իրողություն, ինչպիսին ունենք:

 

Երբ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ ՄՄ-ին անդամակցության հարց առաջացավ, խոսվեց այն մասին, որ ի տարբերություն ՄՄ-ի` ԵՄ-ում սկսել են վերջնագրի լեզվով խոսել` ՙկամ-կամ՚: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

 

ԵՄ-ն երբեք Հայաստանի չի առաջարկել ՙկամ-կամ՚ ընտրություն կատարել:  Իսկ ավելի ուշ ԵՄ ներկայացուցիչները տասնյակ և հարյուր անգամ խոսել են այդ մասին, այն մասին, որ DCFTA պայմանագիրը ոչ մի դեպքում ընտրության բեռ չի կրում իր մեջ: Երկիրն ինքն է ընտրում, բայց միաժամանակ պարտավոր է հաշվի առնել որոշակի պահեր:

Մասնավորապես, միջազգային առևտրում Մաքսային միության շրջանակներում սուվերենության մի մասից զրկվելու դեպքում DCFTA-ն տեխնիկապես անիրականալի է, քանի որ երրորդ երկրների հետ առևտրի ռեժիմների շուրջ պայմանավորվում է արդեն ոչ թե Հայաստանը, ոչ թե ՄՄ որևէ այլ երկիր, այլ` Մաքսային միությունը: Հենց այդ անհամատեղելիությունն էլ նկատի էր առնվում: Բայց, անկեղծորեն ասած, ՄՄ-ին Հայաստանի միանալը մի փոքր շփոթեցրեց բոլորին, քանի որ երեք և կես տարի ընթանում էին բանակցություններ, այդ ուղղությամբ ընթանում էր շատ լարված և արդյունավետ աշխատանք, իսկ այնուետև, հանկարծ, կատարվեց մեկ այլ ընտրություն: Իսկ այդ կտրուկ շրջադարձի պատճառը շատերը չեն հասկանում:

 

Դուք նկատի ունեք, որ պատճառը երկրի անվտանգության ապահովու՞մն էր:

 

Այո, բայց չէի ասի, որ դա այդքան միանշանակ է:

 

Հնարավո՞ր է արդյոք միանգամայն անհատական մոտեցում Հայաստանի նկատմամբ:

Այն արդեն քաղաքական բարեփոխումների լուրջ ճանապարհ է անցել: Եթե DCFTA հարցում մեր համագործակցությունը սահմանափակվում է ՄՄ հանդեպ Հայաստանի պարտավորություններով, կարելի՞ է արդյոք ենթադրել, որ շեշտը դրվելու է ՙԱրևելյան գործընկերության՚ քաղաքական բաղադրիչի վրա:

 

Դա ամենաիրատեսական սցենարն է: Եթե գործընկերության բոլոր երկրները դեռ հինգ տարի առաջ քիչ թե շատ միասնական մեկնարկային դիրքերում էին, այժմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դիրքերը փոփոխվել են: Կարծում եմ`եվրոպական երկրները հասկանում են, որ այժմ այն պահն է, երբ ամեն մի երկիր անհատական մոտեցման կարիք ունի: Գտնում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, և յուրաքանչյուր երկիր զարգացման իր յուրօրինակ մոտեցումն ունի:

 

Որոշ դիտորդներ մտահոգվում են, որ եթե Եվրոպայի ուշադրությունը Հայաստանի ներքին խնդիրների, օրինակ` հասարակության ժողովրդավարացման խնդրի, նկատմամբ թուլանա, երկիրը կգնա ավտորիտարիզմի ուժեղացման ճանապարհով:

 

Կարծում եմ, որ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների, ժողովրդավարության և սոցիալական բարեփոխումների ոլորտում շարունակվելու է: Դրանց զարգացումը չշարունակելու որևէ պատճառ չեմ տեսնում: Ընդհակառակը, հենց այդ ոլորտներն առավել զարգացած կլինեն Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության շրջանակներում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles