Գրանդ փիղը կտեղափոխվի Թբիլիսիի կենդանաբանական այգի:
Ինչպես տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը, սմբակավորների բաժնի պատասխանատու Թոբիաս Դորնբուշը շատ կարևոր և ճիշտ հարց է համարում փղի տեղափոխությունը Թբիլիսիի կենդանաբանական այգի և մատնանշում երեք հիմնական պատճառ. առաջին՝ փիղն այստեղ մենակ է, երկրորդ` սերունդ կտա, և երրորդ` վիրահատական միջամտության կենթարկվեն փղի ժանիքները: ՙԹբիլիսիում փիղը մենակ չի լինի, հնարավորություն կունենա զուգընկեր ունենալու և անգամ սերունդ տալու:
Ավելի ճիշտ կլինի, որ փղի ժանիքի վիրահատությունը կատարվի Թբիլիսիում, քանի որ այն պետք է կատարել փակ տարածքում: Թբիլիսիի կենդանաբանական այգում կան բոլոր պայմանները՝ վիրահատությունը բարեհաջող իրականացնելու՚,- նշում է Թոբիաս Դորնբուշը:
Միաժամանակ Երևանի կենդանաբանական այգին առանց փղի չի մնա: Թբիլիսիի կենդանաբանական այգուց նոր, Գրանդից 10 տարով երիտասարդ փիղ կբերվի: Դրանից հետո՝ ժամանակի ընթացքում, այգում կստեղծվեն առավել լավ պայմաններ: Այդ հանգամանքը ապագայում հնարավորություն կտա նոր փղի համար ընկերուհի բերելու: