Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կառուցողական էին: Այդ մասին հունվարի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով այն հարցին, թե քննարկվում է արդյոք Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը՝ Զախարովան հայտարարել է, որ նոր հանդիպումներ, իհարկե, կլինեն. «Դրանց ժամանակացույցը առայժմ ձևավորված չէ, բայց այդ թեման, անշուշտ, ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»:
Խոսելով հանդիպումների մասին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ օրակարգի այն մասը, որը հասանելի է լայն հանրության համար, հրապարակվել է մամուլի ծառայության մեկնաբանություններում: «Քննարկված թեմաների շուրջ լրացուցիչ տեղեկություն չունեմ: Ինչպես հասկանում եք, թեման շատ զգայուն է: Բանակցությունները կառուցողական են եղել և ներառել են հակամարտության կարգավորման տարբեր հստակ գաղափարներ»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանից գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ հունվարի 24-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Օրակարգում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն էր:
↧
Զախարովա. Ղարաբաղյան հակամարտությունը ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթ թեմաներից մեկն է
↧