Արմինֆո. Նախընտրական կրքերը Հայաստանում շիկանում են. օրերս Հանրապետական կուսակցությունը լքած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի օգտագործած փոխաբերությանը:
Facebook-ի իր էջում Աբրահամյանն այդ առնչությամբ գրել է. «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ասել էր, որ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են:
ՀՀԿ մեկ այլ նախկին անդամ, ներկայումս «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանն այս առնչությամբ հայտարարել է. «Պետք չէ մոռանալ այն մասին, որ մայր գետերն առաջանում են առվակներից: Եթե առվակները փոխում են իրենց հունը, գետերը չորանում են»:
↧