Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից: Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, ընդունելով որոշում՝ Մարգարյանը ղեկավարվել է տեղական ինքնակառավարման մասին օրենքի դրույթներով: Մինչդեռ այդ որոշումը քաղաքական աստառ ունի:
Բանն այն է, որ Հարությունյանը հանրապետական Մհեր Սեդրակյանի ազգականն է, ով «հեղինակություն» է Էրեբունի համայնքում, և հենց նրա ջանքերով է նա զբաղեցրել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Մինչդեռ, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Սեդրակյանը, ով նեղացած է հարազատ կուսակցությունից, օրերս մտադիր է հետևել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրինակին և ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացնել: Նույն աղբյուրների համաձայն, Սեդրակյանի որդի Դավիթը մտադիր է պատգամավոր առաջադրվել ոչ թե ՀՀԿ ցուցակով, այլ՝ Գագիկ Ծառուկյանի դաշինքի քվոտայով: Իսկ իշխանությունից Սեդրակյանի նեղանալու առիթ է հանդիսացել այն, որ անցած տարվա սեպտեմբերին Էրեբունի համայնքում նրա տանը խուզարկություն է իրականացվել՝ քրեական գործերից մեկի շրջանակներում:
Հատկանշական է, որ ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո պաշտոնից ազատվել է նրա հորեղբոր որդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը: ԶԼՄ-ների համաձայն, մոտ ժամանակներս սպասվում են նաև Աբրահամյանի այլ ազգականների հրաժարականները:
↧