Արմինֆո. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը Թուրքիային հիշեցրել է Եվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորությունների մասին:
Հայ խորհրդարանականը, մասնավորապես, նշել է, որ թուրքահայ լրագրող, «Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 10 տարի անց էլ Թուրքիայում շարունակվում են ոտնձությունները խոսքի ազատության նկատմամբ: Նա նշել է, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանին ձայնի իրավունքից զրկել են միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն: «Ավելին, մեզ են հասել անգամ տեղեկություններ, որ որոշ քաղաքական կուսակցություններ ցանկանում են նրա նկատմամբ քրեական գործ հարուցել, պատճառաբանելով, թե իր հրապարակային խոսքով նա ատելություն և անհանդուրժողականություն է սերմանել», - ընդգծել է Նաիրա Կարապետյանը:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանին վերջերս զրկել էին Թուրքիայի խորհրդարանի երեք նիստերի մասնակցելու իրավունքից` ԹԱՄԺ ամբիոնից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ելույթի առնչությամբ: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ նախորդ դարասկզբին հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել, քանի որ մինչ այդ հայերը կազմել են Թուրքիայի բնակչության 40%-ը, մինչդեռ այժմ մեկ հազարերորդական մասն են: Թուրքիայի խորհրդարանի նիստերից իրեն ժամանակավորապես հեռացնելու առնչությամբ Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ցեղասպանություն իրագործած հանցագործը բնավ թուրք ժողովուրդը չէ, այլ` միշտ ոճիր գործող և դրա համար պատասխանատվություն չկրող ֆաշիստական մենթալիտետը: Ընդ որում, նա ընդգծել է, որ իրենց ապօրինաբար պատժել են Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից «ցեղասպանություն» բառն արտաբերելու համար: ԹԱՄԺ հայազգի պատգամավորը հիշեցրել է, որ խորհրդարանի ամբիոնից ինքը բազմիցս ցեղասպանություն է որակել իր ժողովրդի հանդեպ կատարվածը, և նման հակազդեցություն չի եղել: «Սակայն երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեց ջուր լցնել «Ազգայնական շարժում» կուսակցության ջրաղացին, ավելի վաղ գործող տաբուները կրկին հայտնվեցին` ինչպես ուրվականներ», - եզրափակել է Փայլանը:
↧