Արմինֆո. Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ էր կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը, նշել էր, որ Ռուսաստանը դեմ է լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջան այցելության քրեականացմանը: «Դեմ ենք նաև այն բանին, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներն արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է, և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու համար՝ ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- հայտարարել է Լավրովը:
Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամեդյարովը հայտարարել էր, որ բլոգեր Լապշինի կալանավորումը դիտարկվում է բացառապես իրավական հարթությունում:
↧