Արմինֆո. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ եվրոպական կառույցները, հատկապես՝ ԵԱՀԿ-ն, պետք է իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման վրա վետո դնելու Բաքվի ցանկության առնչությամբ: «Եվրոպական կառույցները հեշտությամբ մարսեցին Բաքվում ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի փակման որոշումը, ինչը և հանգեցրեց նման զարգացումների»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ինչից էլ օգտվում է Ադրբեջանը: Քոչարյանի կարծիքով, Բաքուն հերթական շանտաժի է դիմում՝ հայտարարելով, որ կարող է արգելափակել բյուջեն, եթե իր ուզածով չլինի: Առաջին անգամ Ադրբեջանը նման քայլի գնաց շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման համար ծախսերի հաստատման ժամանակ, և գործընթացը խափանվեց: «Կան բազմաթիվ լծակներ՝ ազդելու երկրի վրա, որն իրեն վեր է դասել միջազգային իրավունքի նորմերից»,- նշել է Քոչարյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը ժամանակավորապես հարցականի տակ է դրվել՝ նկատի ունենալով վերջինիս մանդատի երկարաձգման առնչությամբ կոնսենսուսի բացակայությունը: Գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, ազգային գրասենյակների գործունեության մանդատն ամեն տարի երկրաձգվում է՝ ԵԱՀԿ մասնակից երկրների համաձայնության հիման վրա: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունում, ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:
«Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ և մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»,- ասվում է Կազմակերպության հայտարարությունում: Ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, Երեւանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը: Երեւանի գրասենյակի դերը արժեւորվում է նաեւ ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից, բացառությամբ մեկի, ասել է Բալայանը:
↧