Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակներում ընդհանուր ոչինչ չկա: Փետրվարի 4-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով վերջին ժամանականերս Ղրիմի անկախության նվաճման և ԼՂՀ ճանաչման հնարավորությունների միջև անցկացվող զուգահեռները:
«Աշխարհում գոյություն ունի շուրջ 50 չճանաչված կամ մասամբ ճանաչված կազմավորում, և յուրաքանչյուր խնդրի պարագայում կիրառվում է անհատական, սուբյեկտիվ մոտեցում: Բոլոր այդ տարածքային, էթնոքաղաքական հակամարտությունների ունիվերսալ լուծում գոյություն չունի: Եվ յուրաքանչյուր նման խնդրի լուծում հիմնվում է այն քաղաքական դիրքորոշման վրա, որը ցանկացած երկիր կիրառում է սեփական շահերին համապատասխան», - ընդգծել է քաղաքագետը:
«Համաձայնություն» հետազոտական կենտրոնի տնօրեն, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն իր հերթին, համաձայնելով գործընկերոջ կարծիքին, նշել է, որ որևէ զուգահեռ անցկացնելը, գործնականում, անիմաստ է: «Հայաստանը երբեք չի ճանաչի, օրինակ, Հյուսիսային Կիպորսը: Հասկանալի պատճառներով մենք չենք կարող ճանաչել նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ամեն ինչ շատ պարզ է և բացատրվում է ազգային շահերով: Եվ բոլոր պետությունները նման մոտեցում են կիրառում յուրաքանչյուր առանձին դեպքում: Հետևաբար, նույնիսկ Ղրիմի ճանաչման դեպքում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին խոսակցությունները միանգամայն անհիմն են», - ամփոփել է վերլուծաբանը: