Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուսաստանի դեսպան. Երևանի զորահանդեսում ներկայացված ողջ զենքը պատկանում է Հայաստանի ԶՈՒ-ին

$
0
0
Արմինֆո. Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսում ներկայացված ողջ զենքը պատկանում է Հայաստանի ԶՈՒ-ին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԶԼՄ-ների այն հաղորդումներին, թե զորահանդեսում ներկայացված սպառազինության մի մասը հայկական կողմին չի պատկանում, իսկ մի մասը, մասնավորապես, «Իսկանդեր» համալիրները, բուտաֆորիա է: «Լուրեր են շրջում, թե իբր զորահանդեսում ներկայացված սպառազինությունը Հայաստանին չի պատկանում, թե դա ռուսական սպառազինություն է: Դա ամենևին այդպես չէ: Այդ հարցին պատասխանել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը` այն լիովին պատկանում է Հայաստանի զինված ուժերին», - նշել է դիվանագետը: Նրա ասելով, Ռուսաստանին ու Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները, և խոսել այն մասին, թե զորահանդեսում ներկայացված սպառազինությունը բուտաֆորիա է, բոլորովին ճիշտ չէ: «Գոյություն ունեն որոշակի պայմանագրային պարտավորություններ ՀԱՊԿ շրջանակում, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում: Եվ այն ամենն, ինչ տրամադրվում է Հայաստանին, լիակատար իրողություն է», - հայտարարել է Ռուսաստանի դեսպանը: Ռուսաստանցի դիվանագետը նաև չի համաձայնել մի շարք փորձագետների այն գնահատականին, թե այդ սպառազինությունը նպատակաուղղված է ուժերի հաշվեկշռի խախտմանը տարածաշրջանում: «Ռուսական կողմից մատակարարված սպառազինությունը, հիմնականում, պաշտպանական բնույթի է, և ես չէի խոսի այն մասին, որ մատակարարված սպառազինությունը տարածաշրջանում ուժերը խախտելու կամ ինչ-որ մեկին առավելություն տալու նպատակ է հետապնդում», - եզրափակել է Վոլինկինը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը և դրա ընթացքում նորագույն սպառազինության ցուցադրումը խուճապի է մատնել Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը հանձնարարել էր ծառայողական նիստ անցկացնել Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ: Նիստի ժամանակ պաշտպանության նախարար  Զակիր Գասանովը համապատասխան հանձնարարականներ էր տվել` խստացնել հսկողությունը հայկական կողմի ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել անմիջապես ոչնչացնել այդ օբյեկտները` ըստ դրանց կարևորության: Ադրբեջանական ԶԼՄ-ներում նաև ակտիվորեն լուրեր են շրջանառվում  «Իսկանդերների» բուտաֆորիա լինելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Երևանում կայացած զորահանդեսում ներկայացվել են հայրենական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց մարտավարական տվյալներով չեն զիջում արտասահմանյան նմուշներին, ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական կայաններ, մոտոհրաձգային և զրահատանկային տեխնիկա, «Տ-72» տանկեր, զրահամեքենաներ, ինքնագնացներ, «Շտուրմ Ս» հակատանկային համալիրներ, հակատանկային ինքնագնաց կայանքներ, գնդացիրներ, «Գրադ», «Տայֆուն», «WM 80», «Սմերչ», «Կոնկուրս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,  «Տոչկա ՈՒ», «Սկադ» մարտավարական հրթիռային համալիրներ, «Իսկանդեր» օպերատիվ-մարտվարական հրթիռային համալիր, «Օսա-ԱԿ(Մ)» արդիականացված համալիրներ, «Ս 125», «Ստրելա 10»,  «Բուկ» արդիականացված զենիթահրթիռային համալիրներ, «Ս300» հրթիռային համալիրներ:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles