Արմինֆո. Հայաստանը լավ գիտե, թե ինչ է նշանակում՝ լինել փախստական և ապաստան տալ փախստականներին: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր Ազամբլեայի 71-րդ նստաշրջանում:
ՄԱԿ-ը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն, այլատյացություն, ծայրահեղականություն և ահաբեկչություն սնող միջավայրը փոխելու գործում: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին: Նրա խոսքով, պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն է թողել նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք կենսական սպառնալիքների առջև են կանգնած՝ ազգային հողի վրա իրագործվող ոճրագործությունների պատճառով: «Բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին»,-հայտարարել է նա, ընդգծելով, որ շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Նա հիշեցրել է, որ հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը, նշել է Նալբանդյանը: «Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար հայ է ապաստան գտել Հայաստանում: Ուստի, մենք գիտենք, թե ինչ է նշանակում՝ լինել փախստական և ապաստան տալ փախստականներին»,-հայտարարել է դիվանագետը:
Նալբանդյանի խոսքով, Հայաստանի Կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրում փախստականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: «Համոզված ենք, որ հարկավոր է առավել լայն միջազգային համագործակցություն ծավալել զանգվածային տեղահանմամբ պայմանավորված մարտահրավերին համարժեքորեն արձագանքելու համար»,-նշել է նա:
Այս առումով նա ընդգծել է ժողովուրդների խոշոր տեղահանությունների հիմնապատճառներին արձագանքելու անհրաժեշտութունը մարդկության դեմ հարցագործությունների կանխարգելման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և տևական քաղաքական հանգուցալուծումների միջոցով: Նրա խոսքով, Հայաստանը շարունակաբար աջակցել և իր ներդրումն է ունեցել կանխարգելման մեխանիզմների մշակման գործում՝ մասնավորապես, Մարդու Իրավունքների խորհրդում պարբերաբար նախաձեռնելով ցեղասպանության կանխարգելման բանաձևեր:
«Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը` պայքարելու ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ»,-նշել է նա: Նալբանդյանն ընդգծել է, որ քանի դեռ բռնության սպառնալիքը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր ծայրերում, հույժ կարևոր է առավել արդյունավետ դարձնել անվտանգության ու խաղաղության հաստատման մեր միասնական ջանքերը: Եվ այս ընկալմամբ է, որ Հայաստանը, նշել է նա, մասնակցում է ՄԱԿ-ի և նրա կողմից լիազորված խաղաղարար գործողություններին՝ այդպիսով իր անմիջական ակտիվ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում:
Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը ողջունում է «2030 օրակարգ»-ում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառումը՝ որպես կարևոր քայլ կայուն և ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ: Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և մեր աշխատանքների առանցքում դնելու համար, նշել է նա, Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն: «Մենք դատապարտում ենք միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունը»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
↧