«Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ «Սասնա Ծռեր» զինված խմբավորումը նախապատրաստել է «պլան Բ»: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Իսագուլյանը հանցագործություն է որակել խմբավորման գործողությունները, հայտարարելով, թե ՊՊԾ գնդի տարածքի զավթմամբ «Սասնա Ծռերն» ընդամենը վնաս է հասցրել հանրապետությանը, քանի որ դա բացասաբար է անդրադարձել ոչ միայն երկրի հեղինակության, այլև տնտեսության վրա: «Նրանց նպատակն ընդամենը մեկն էր. զավթել իշխանությունը, և դրա համար նրանք օգտագործեցին երկրում առկա բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը», - հայտարարել է նա, բարձր գնահատելով իրավապահ մարմինների և իշխանության ներկայացուցիչների աշխատանքը, որոնք, նրա կարծիքով, դրսևորեցին նախանձելի սառնարյունություն և համբերություն: «Սասնա Ծռերն» ամեն ինչ սխալ էին հաշվարկել, սկսած սպանություններից և վերջացրած «պլան Բ»-ով, որը, հուսով եմ, հատուկ ծառայությունները կարող են կանխել», - նշել է քաղաքական գործիչը:
Իսագուլյանը նաև հայտարարել է, որ խմբավորման գործողությունները համակարգվում են դրսից: Ընդ որում նա չի որոշակիացրել, թե հատկապես որտեղից է իրականացվում համակարգումը, միայն հայտարարելով, թե` «հնարավոր է, դա հայկական սփյուռքն է, հնարավոր է` ոչ»: Նա նաև կարծում է, որ բոլոր իրավապաշտպանները պետք է զգույշ լինեն «Սասնա Ծռերի» զինյալների կալանավորման և դատավարությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում, քանի որ «շատ բան չգիտեն»: Այդ համատեքստում նա իշխանությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տվել սկսել խմբավորման զինյալների և նրանց բոլոր կողմնակիցների մանրամասն կենսագրությունների հրապարակումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո Խորենացի փողոցում սկսվեցին ակցիաներ, որոնք հանգեցրեցին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, որոնց ընթացքում տուժեցին բազմաթիվ ցուցարարներ և լրագրողներ, ինչպես նաև` ոստիկաններ: Հուլիսի 31-ին զինյալները զենքը վար դրեցին` ավարտված համարելով իրենց առաքելությունը, քանի որ «իրենց սկսած շարժումը ստացել էր համաժողովրդական բնույթ»: Նույն օրը Հայաստանի ԱԱԾ-ն հաղորդեց ՊՊԾ գնդի տարածքի ազատման հակաահաբեկչական գործողության ավարտի մասին: ՊՊԾ գնդի զավթման գործով որպես մեղադրյալ նեգրավվել է 60 մարդ, որոնցից 50-ը կալանավորվել է: