Եվրոպայում Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի միակ իրական գերակշռությունը տարածաշրջաններ օպերատիվ ՌՕՈՒ և այլ զորատեսակներ ուղարկելու ունակությունն է` Էգեյան ծովում գտնվող ավիակրների` ողջ սևծովյան ջրատարածությունում ցանկացած թիրախի հասնելու ունակությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հակամարտությունների վաղ կանխարգելման կենտրոնի տնօրեն, Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական Յուլիան Կիֆուն` «Ռեգիոն» հետազոտական կնետրոնի կազմակերպած առցանց հարցազրույցում:
«Այս լույսի ներքո Լեհաստանում և բալթյան երկրներում 4 բազմազգ գումարտակ տեղակայելն ու «Փաթրիոթ» հրթիռային համալիրների առաջիկա տեղակայումը համարում եմ լիովին արդարացված և համամասնորեն հաշվեկշռված: Նշեմ, որ արևելյան թևի հյուսիսային մասում հաշվեկշիռը կազմում է 7:1` հօգուտ Ռուսաստանի, մինչդեռ 3:1 հարաբերակցությունն արդեն գրոհի հաջողության երաշխիք է` ռազմական առումով: Ընդ որում, մենք պետք է խոստովանենք, որ Դաշինքի հնարավորություններն անհամեմատ ավելի զարգացած են և արդիական», - նշել է նա:
Այդ համատեքստում Կիֆուն հիշեցրել է ՆԱՏՕ ամփոփիչ հռչակագրի համերաշխության վերաբերյալ 42-րդ հոդվածը, համաձայն որի, բալթյան երկրների կամ Լեհաստանի դեմ ամեն մի գրոհ կնշանակի գրոհ ընդդեմ ՆԱՏՕ բոլոր բազմազգ ուժերի: Իսկ արևելյան թևին առնչվող 43-րդ հոդվածում խոսք է գնում իրական ժամանակի ռեժիմով կազմակերպության ցանկացած երկիր զորքեր ուղարկելու Դաշինքի հնարավորության մասին, որտեղ այդ զորքերի անհրաժեշտությունը կա:
«Ի դեպ, մենք խոսում ենք ոչ միայն ցամաքային, այլև օդային և ռազմածովային ուժերի մասին: Սև ծովում Ռուսաստանը հերթական անգամ միակողմանի սկսել է ավելացնել իր զինված ուժերը, Ղրիմում և Նովոռոսիյսկում հասել է ներկայության ավելի բարձր մակարդակի, քան ՆԱՏՕ-ն ունի բաց ծովում», - ամփոփել է ռումինացի վերլուծաբանը: