Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Դեմ եմ՚. Պատառի համար պայքարից դեպի պայքար հանուն գաղափարի

$
0
0

ՙԴեմ եմ՚ երիտասարդական քաղաքացիական նախաձեռնության կողմից հունվարի 18-ին Երևանում կազմակերպված հանրահավաքը հերթական անգամ հաստատեց Հայաստանի անկախության տարիներին արդեն աքսիոմա դարձած ճշմարտությունը: Հայերի նոր սերունդը ցույց տվեց, որ չի ցանկանում կրկնել նախորդ սերնդի սխալները: Երիտասարդությունն ակտիվորեն հանդես եկավ կենսաթոշակային համակարգի` իշխանությունների նախաձեռնած ՙբարեփոխման՚ դեմ` ելնելով սեփական գումարները 30 տարի անց ստանալու չափազանց կասկածելի հեռանկարներից: Այլ կերպ ասած` մարդիկ բողոքում են ոչ թե բուն գաղափարի, այլ` իշխանությունների դեմ, որոնք իրենց գործունեության տարիներին ընտրազանգվածի ոչ մի հույս չարդարացրեցին: Այդպիսով, կառավարությանն անվստահության հարցը կտրուկ դրվեց, և, ամենագլխավորը, ոչ թե  խորհրդարանի ներսում, վաղուց իրեն վարկաբեկած համակարգային ընդդիմության կողմից, այլ` Ազատության հրապարակում, տարիներ շարունակ բնակչության թալանը հանդուրժել չցանկացող երիտասարդ սերնդի կողմից:

 

Հայտնի է, որ երկար տարիներ ԱՄՆ-ում և Եվրոպայում հաջողությամբ գործող կենսաթոշակային հիմնադրամները հենվում են այդ երկրներում գոյություն ունեցող ֆինանսական համակարգի, ոսկու պաշարի, տնտեսության իրական հատվածի և, գլխավորը, իշխանությունների հանդեպ հասարակության վստահության վրա: Մինչդեռ այսօր Հայաստանում վերոհիշյալ բաղադրիչներից ոչ մեկը չկա: Այսպիսով, վաղուց իրեն վարկաբեկած իշխանությունն ուղղակի փորձում է  ստիպել հասարակությանը հերթական անգամ հավատալ ՙօճառե պղպջակին՚: Հատկանշական է, որ աշխատող քաղաքացիներն արդեն 25 տոկոս եկամտահարկ են վճարում, որի մի մասն ուղղվում է կենսաթաշակների վճարմանը: Մեզանից ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի թուլակամ, արտաքին ուժեղ ազդեցությանը ենթակա և այդ պատճառով անկանխատեսելի ռեժիմի կողմից կառավարվող երկրի հետ վաղը:  Հետևաբար, պարզ չէ, թե ինչու երիտասարդությունը պետք է, ի հավելումն այդ 25%-ի,  զրկվի իր աշխատավարձի միջինը 10% -ից: Հայ հասարակությունն անցած 23 տարում բազմիցս խաբվել է իշխանության կողմից: Պետբանկում ավանդների կորուստը, բանդիտական կողոպուտ հիշեցնող սեփականաշնորհումը, դրամ-դոլար փոխարժեքով խաղը, երկրի ոսկու պաշարների վաճառքը, ժողովրդի ողջ  սեփականության կենտրոնացումը 20 ընտանիքի ձեռքում`մասշտաբային խաբեության մի մասն է միայն: Հաշվի առնելով ներկայիս իշխանության 23 տարիների անցած ճանապարհը`1974  թվականից հետո ծնված քաղաքացիների կողմից տարիների ընթացքում կուտակված կենսաթոշակի ստացման հավանականությունը մոտ է զրոյի: Եվ այս պայմաններում երիտասարդ սերնդի`հայրերի ճակատագիրը չկրկնելու ցանկության բացակայությունը միանգամայն տրամաբանական և հիմնավոր է թվում:

 

Իշխանության հերթական կողոպտչական գաղափարի դեմ քաղաքացիների պայքարը հաջող ավարտի բավականին լավ հեռանկարներ ունի`մի շարք պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ կառավարության`անհագուրդ ախորժակի բավարարմանն ուղղված գործողություններն այս անգամ առնչվել են բավականին լավ վաստակող և հարկեր վճարող, ֆիսկալ օրենքները չխախտող երիտասարդներին, ՏՏ ոլորտի աշխատողներին, բանկային աշխատողներին, լրագրողներին, Հայաստանում սակավ հաջող զարգացող ընկերությունների աշխատակիցներին: Մինչդեռ ՙստվերում՚ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներին հիշյալ ՙբարեփոխումը՚, հասկանալի պատճառներով, գործնականում չի անդրադառնա: Այդ պատճառով ՙԴեմ եմ՚ շարժման շուրջ հավաքվել են երիտասարդ, խելացի, իրենց արժեքը իմացող քաղաքացիներ: Քաղաքացիներ, ովքեր չեն ցանկանում իշխանության ամենաթողության դեմ պայքարել ՙոտքով քվեարկելու՚ միջոցով, ովքեր նախորդ սերնդի օրինակով քթե տակ չեն փնթփնթում`ՙամեն ինչ նրանց ձեռքում է, ինչպես ցանկանան, այնպես էլ կանեն՚: Քաղաքացիներ, ովքեր ցանկանում են ապրել իրենց անկախ երկրում` նվաճված Մոնթեի, Լեոնիդի, Ժիրայրի, հարյուրավոր մարդկանց կողմից, ովքեր պայքարել են լուսավոր գաղափարների, այլ ոչ թե պատառի համար: Մինչդեռ անցած 23 տարիներին միմյանց հաջորդող, սակայն իրենց էությամբ չտարբերվող ռեժիմներն իսպառ ոչնչացրել են գաղափարը` ամեն ինչ հանգեցնելով պատառի համար պայքարի:

 

Դատելով ՙԴեմ եմ՚ շարժման նախաձեռնողների գործողություններից` հայ երիտասարդությունն այսօր փորձում է վերադառնալ 90-ական թթ. սկիզբը` պատառի համար պայքարից դեպի պայքար հանուն գաղափարի, անկախության համար Ղարաբաղյան շարժումը որպես սեփական ոտնահարված իրավունքների համար ներկայիս պայքարի օրինակ դիտարկելով: ՙԿենսաթոշակային բարեփոխումից՚ դժգոհությունը  հասարակությունում կուտակված դժգոհության երևութական մասն է միայն: Տնտեսության լճացումը, գործազրկությունը, սոցիալական, իրավական պաշտպանվածության ցածր մակարդակը, արտագաղթի ահագնացող տեմպերը` այդ դժգոհության պատճառների մի մասն են միայն: Եվ, չգիտես ինչու, տպավորություն է ստեղծվում, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմամբ այդ խնդիրները միմիայն կվատթարանան:

 

2013 թ.ամռանը տրանսպորտային սակագների բարձրացման դեմ շարժումը կազմակերպվածություն, հետևողականություն և համառություն ցույց տվեց, ինչը շատ բաներում կանխորոշեց դրա հաջողությունը: Հունվարի 18-ին երիտասարդությունը հերթական անգամ հաստատեց իշխանության դեմ պայքարելու վճռականությունը: Այս անգամ` ընդդեմ բացառապես իշխանության շահերից բխող կենսաթոշակային համակարգի բռնի ներդրման, որին խիստ անհրաժեշտ են ֆինանսական միջոցները` դեֆոլտի և պետականության վերջնական կոլապսի կանխման նպատակով: Ակնհայտ է, որ այդ վճռականությունը և ներուժն զգացել են նաև ընդդիմության ներկայացուցիչները, ինչն էլ ստիպել է նրանց միանալ շարժմանը: Մնում է, որ իշխանությունը զգա դա…


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles