Ոստիկանությունը բերման է ենթարկում, առանց բացառության, բոլոր քաղաքացիներին, ովքեր անցնում են Խորենացի փողոցով, այթ թվում` օտարերկրյա քաղաքացիներին: Ընդ որում` հաճախ բողոքի զանգվածային ակցիաներին ընդհանրապես առնչություն չունեցող քաղաքացիների, այն մարդկանց, ովքեր, պարզապես, անցնում են փողոցի այդ մասով: Մարդկանց բոլոր հորդորների ու փաստարկների հանդեպ իրավապահներն անդրդվելի են: Բերման է ենթարկել նաև Արսինե Խանջյանը, ով ՀՀ քաղաքացի չէ: Արսինեն զանգահարել է և ինչ-որ մեկի հետ անգլերեն զրուցել, պահանջելով դադարեցնել այս կամայականություններն իր հայրենիքում, սակայն այդ զանգը նույնպես չի օգնել նրան խուսափել «ոստիկանական կամայականությունից»: Ոստիկանությունն իր գործողությունները բացատրում է քաղաքացիների անվտանգության նկատառումներով:
Իրադարձությունների վայրում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը նշել է, թե քաղաքական գործընթացների նկատմամբ իշխանությունների հանդուրժողականությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի սպառնում դուրս գալ իրենց վերահսկողությունից: «Ըստ երևույթին, իշխանություներն արդեն վանգ են զգացել», - նշել է նա` քննադատության ենթարկելով «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին, որոնք նախօրեին այդպես էլ չեն կարողացել փոխհամաձայնության հանգել և ճիշտ կողմնորոշվել, ինչի արդյունքում ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Սասնա Ծռերի» անդամների և իրավապահների միջև: Նա նաև անօրինական է որակել ոստիկանների գործողությունները:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ այժմ գլխավոր նպատակն արյունահեղության կանխարգելումն է, ինչի երաշխիքը խորհրդարանի արտահերթ նիստի գումարումն է: Նրա ասելով, ներկայում նախաձեռնության ներքո ստորագրել է արդեն չորս պատգամավոր, այդ թվում` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա ընդգծել է, որ նիստի արդյունքում պետք է ձևավորվի պատգամավորների պատվիրակություն, որը կգնա ՊՊԾ տարածք և կփորձի իրավիճակի կարգավորման ուղիներ գտնել: