Գործնականում Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու հարց կարող է առաջանալ հակամարտության կարգավորման շուրջ հիմնական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո: Այդ մասին ՙԻնտերֆակսին՚ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այժմ քննարկվում է հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցը:
ՙԽաղաղության պահպանման բազմազգ ուժերի գործողության մեկնարկին պետք է նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ: Խաղաղապահ զորակազմի ընտրությունն այն երկրներից, որոնք պատրաստ են տրամադրել դրանք, կիրականացվի հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա՚,- նշել է Պոպովը:
Միաժամանակ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու և Մինսկի խմբի համանախագահների թիվը, այդ թվում՝ Գերմանիայի հաշվին, ընդլայնելու առաջարկների առնչությամբ Մոսկվայի վերաբերմունքը՝ Պոպով փաստել է, որ այս փուլում, արցախցիները բանակցություններին ֆորմալ առումով չեն մասնակցում: Սակայն, այս թեմային մեծ ուշադրություն է դարձվում համանախագահների հանդիպումների ժամանակ թե Հայաստանում, թե Ադրբեջանում, թե Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ որոշակի փուլում, օրինակ՝ շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, հնարավորություն կնախատեսվի, որ նրանք կարողանան վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՚,- նշել է նա:
Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թվի ընդլայնման մասին՝ Պոպովը նշել է, որ ժամանակ առ ժամանակ այդ թեման հայտնվում է ԶԼՄ-ներում և ակտիվորեն շրջանառվում քաղաքագիտական հանրության կողմից: Սակայն, նրա խոսքով, կողմերի հետ միջնորդների բանակցությունների ընթացքում այդ հարցը առաջ չի քաշվել: ՙՀակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը կապված չէ համանախագահների թվից, այլ՝ փոխզիջման գնալու կողմերի պատրաստակամությունից: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այն՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր և Մինսկի խմբի անդամ, ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան ուղղությամբ, անմիջական մասնակցություն ունենում Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը ՝ կապված կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման հետ՚,- ասել է Պոպովը:
Անդրադառնալով Ռուսաստանի դերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Պոպովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորմանն աջակցությունը ՌԴ արտաքին քաղաքական գերակայությունների թվին է պատկանում:
ՙԱկտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկը: Զուգահեռաբար Ռուսաստանի կողմից ինքնուրույն ջանքեր են գործադրվում՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձնակի մոտ հարաբերություները: Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ 1994 թ. մայիսին հրադադարի վերաբերյալ պայմանագիր ստորագրվեց: Մեր երկրի միջնորդական ջանքերի կարևոր փուլ է 2008 թ. Մոսկովյան հռչակագրի ընդունումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջին և դեռևս միակ փաստաթղթի, որի ներքո Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ստորագրությունն է: Մեր միջնորդությամբ 2011 թ. եռակողմ հանդիպման ժամանակ զինված միջադեպերի հետաքննման և համապատասպան մեխանիզմի մշաման անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունվեց: Ինչպես գիտեք, Ռուսաստանը վճռորոշ դեր խաղաց ընթացիկ տարվա ապրիլի սկզբին լայնամասշտաբ մարտական գործողությունների դադարեցման հարցում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերին: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս մեր միջնորդական ջանքերը կշարունակվեն՚,- ասել է ռուսաստանցի համանախագահը: