Թեհրանը մերկացնում է ադրբեջանական քարոզչամեքենայի սուտը: Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հաղորդման առնչությամբ, որն ադրբեջանական ԶԼՄ-ները վերագրել էին Ադրբեջանում ԻԻՀ դեսպանին:
«ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել, և Դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Սույն դեսպանությունը ևս մեկ անգամ ընգծում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով , հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա», - ասվում է Հայաստանում ԻԻՀ դեսպանատնից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Մինչդեռ մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ հղորդում էին տարածել այն մասին, թե Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը հայտարարել է, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում սատարում է Ադրբեջանին: «Մենք Ադրբեջանի կողմում ենք: Հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով` Ադրբեջանի տարածքային ամբոբղջականության շրջանակում, միջազգային օրենքների հիման վրա: Մինսկի խումբը պետք է ակտիվություն դրսևորի այդ հարցում և ձգտի լուծել այն:Այդ խմբի համանախագահները, որպես ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչներ, պետք է ազդեցություն գործեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ բանաձևերը կատարվեն», - հաղորդել էին ադրբեջանական ԶԼՄ-ները` այս հայտարարությունը վերագրելով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանին: