ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին եւ գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես՝ Մ.Չիլինգարյանին եւ Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու համար։