Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը Գերմանական տնտեսական միավորման բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ գերմանական կողմը հիմնավոր տվյալների չի տիրապետում այն առնչությամբ, թե ով է մեղավոր ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին էսկալացիայի համար:
ՙՄենք հիմնավոր տեղեկությունների չենք տիրապետում այն առնչությամբ, թե ինչպես են զարգացել իրադարձություններն ապրիլի 1-2-ը՚,- լրագրողներին ասել է Մաթիաս Քիսլերը՝ մեկնաբանելով այն փաստը, որ մինչ այժմ գնահատականներ չեն տրվել հակամարտությունը սրելու Ադրբեջանի գործողություններին: Դեսպանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն հասցրել են լինել ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երևանում: Ելնելով դրանից՝ Քիսլերը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ հապճեպ եզրակացություններից և սպասել Մինսկի խմբի հետաքննության արդյունքներին: ՙԱնհրաժեշտ է սպասել ԵԱՀԿ ՄԽ հանդիպման արդյունքներին և եզրակացություններին՚,- ընդգծել է դեսպանը:
Նա նշել է, որ դեսպանատունն ուշադրությամբ հետևել է ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում վերջին զարգացումներին՝ ամեն օր զեկուցելով այդ մասին Բեռլինին: ՙՌազմական գործողությունների վերսկսումը, անշուշտ, հետընթաց քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՚,- նշել է Քիսլերը: Սակայն, տվյալ փուլում առաջնահերթ խնդիր է հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանումը:
Դեսպանը հայտարարել է նաև, որ իրենք հետևում են հայկական կողմի հաղորդագրություններին, որոնցում խոսվում է զոհվածների մարմինների խոշտանգման բազմաթիվ դեպքերի մասին: ՙԵԱՀԿ նախագահությունն ուշադրությամբ հետևում է այդ հաղորդագրություններին, սակայն չկան մշակված մեխանիզմներ, թե ինչպես շարունակել աշխատանքը՚,- եզրափակել է դեսպանը: