Ադրբեջանի զինված ուժերը բոլոր միջոցները կձեռնարկեն Հայաստանի ՙահաբեկչական գործունեությունը՚ կանխելու համար: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
ՙՉնայած այն բանին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես դրական է արձագանքել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչին, միջնորդների խաղաղ նախաձեռնությունը, ինչպես միշտ, հայկական կողմի հակառակ արձագանքին է արժանացել: Հայկական կողմի հայտարարությունը Հայաստանի սահմանների շրջանակներում հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման վերաբերյալ փաստորեն ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական տարածքների օկուպացումն օրինականացնելու փորձ՚,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հայտարարությանը: «Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին՝ հայտարարում ենք, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին՚,- Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: