Հայաստանը դատապարտում է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙԱհաբեկչությունները վերահաստատում են, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է միավորի բոլորիս, և այդ պայքարում չպետք է լինեն մեծ ու փոքր ազգեր կամ պետություններ: Այդ գործողությունները մտահոգիչ են, և պետք է ավելի ուշադիր լինենք և բոլոր ջանքերն ուղղենք ահաբեկչության դեմ պայքարին՝ անկախ այն բանից, թե որտեղ է դա տեղի ունեցել՝ Բրյուսելում, Հայաստանում, թե՞ Մերձավոր Արևելքում՚,- նշել է փոխխոսնակը:
Նշենք, որ այսօր Բրյուսելում մեկը մյուսի հետևից երեք պայթյուն է տեղի ունեցել. մեկը՝ մետրոյում, մյուս երկուսը՝ Բրյուսելի օդանավակայանում: Զոհերի թիվը, նախնական տվյալներով, հասնում է 18-ի, կան տասնյակ վիրավորներ: Բելգիական ԶԼՄ-ների համաձայն, պայթյուններն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից: