«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ընտրական օրենսգրքի ընդունումից հետո հնարավոր կլինի վստահության մթնոլորտի և երկխոսության ստեղծումը երկրում», - հայտարարել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Բարբարա Դևիսը` մարտի 11-ին Հայաստանի ԸՕ շուրջ հանրային քննարկումների պաշտոնական մեկնարկի ընթացքում: Նրա ասելով, հիմնական շեշտադրումը պետք է լինի բնակչության լայն շերտերի ներգրավումը ԸՕ նախագծի քննարկման գործընթացում:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել է նոր ԸՕ նախագիծը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, հայտարարել է, որ վերջնական տարբերակը ձևավորվում է ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով և կընդունվի հունիսի 1-ին: «Քննարկումները պետք է տեղափոխվեն քաղաքական դաշտ, այդ առնչությամբ քննարկումների մի մասը կընթանա Ազգային ժողովում», - ասել է Դավիթ Հարությունյանը: