Հակված եմ կարծելու, որ ՀՀ ԶՈՒ տեխնիկական զինման և հայկական զորամասերի տեղակայման վերաբերյալ «Ռազմարդյունաբերական սուրհանդակում» ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հրապարակման նշանակությունը փոքր-ինչ չափազանցված է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ինչպես արդեն հայտարարել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, հրապարակումը գաղտնի տեղեկատվություն չի պարունակում: Ավելին, կարծում եմ, որ նման մակարդակի փորձագետը հազիվ թե գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու հնարավորություն ունենար», - նշել է Սաֆրաստյանը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ քիչ հավանական է համարում լրտեսության գործոնը: Միևնույն ժամանակ Սաֆրաստյանը ընդգծել է, որ եթե, այնուամենայնիվ, այդ հրապարակումը գաղտնի տեղեկատվություն է պարունակում, ապա Խրամչիխինը պետք է պատասխանատվության ենթարկվի:
Հիշեցնենք, որ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը «Ռազմարդյունաբերական սուրհանդակում» հրապարակված «Ֆորպոստ` հարցերով» հոդվածում ներկայացրել է Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայման, ինչպես հայկական զինված ուժերի, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմակայանի հաշվեկշռում գտնող զենքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև` մարտական գործողությունների դեպքում հայկական զորքերի ներուժի վերաբերյալ վերլուծություն: