Այսօր վաղ առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ փոքր միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Առավոտ» օրաթերթը, Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի կանգնեցրել է իր առանձնատնից դուրս եկող ՀՀ նախագահին և ներկայացրել իր դժգոհությունը. «Երեք անգամ էլ թուղթ եմ տվել ձեզ, դատախազին…դատարանը մերժեց»: Սերժ Սարգսյանը թույլ չի տվել քաղաքացուն շարունակել իր պատմությունը: «Հիմա ի՞նչ ես ուզում, ես դատարանը չեմ, դատարանի փոխարեն ի՞նչ ասեմ», - ասել է նախագահը: Քաղաքացին դժգոհել է, որ դատարանը չի գործում, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հնարավոր է»: Նախագահի պատասխանը զայրացրել է քաղաքացուն. «Ոնց թե հնարավոր է»: Սերժ Սարգսյանն էլ շարունակել է՝ ասելով, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի:
«Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»,- Սերժ Սարգսյանին ասել է քաղաքացին: