Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առիթը բաց չի թողել` կրկին Հայաստանին մեղադրելու «ադրբեջանական հողերի օկուպացման» և միջազգային սկզբունքների խախտման համար:
Փարիզում ելույթ ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդաժողովի 38-րդ նստաշրջանում` Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «միջազգային բանաձևերը և պատմական արդարությունը խախտելու» համար: «Հայաստանը շարունակում է անտեսել ՄԱԿ ԱԽ բանաձևերը, և դա մնում է անհետևանք: Այդ հարցերը հարկավոր է լրջորեն ուշադրության արժանացնել: Երկակի ստանդարտներից խուսափելու համար մենք պետք է մշակենք ՄԱԿ բանաձևերի կատարման մեխանիզմ: Բանակցային գործընթացում առաջընթաց չկա, որովհետև Հայաստանը հաշտություն չի ուզում: Նրանք չեն ցանկանում մեզ հետ խաղաղ իրադրությունում ապրել: Նրանք մտադիր են շարունակել օկուպացման քաղաքականությունը, որքան դա հնարավոր է: Դժբախտաբար, մինչ օրս դա նրանց հաջողվում է: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, որը ճանաչել է միջազգային հանրությունը: Տարածքային ամբողջականությունը նույնքան թանկ արժե, որքան աշխարհի ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ալիևը: Նա Հայաստանին մեղադրել է նաև «պատմական, կրոնական, մշակութային հուշարձանների ավիրման» համար: