«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 6–ին Երևանում կազմակերպել էր ավանդական բարեգործական աճուրդ, և այս անգամ` «Խաղողը կյանք է» կարգախոսով, որի ընթացքում որպես լոտ ներկայացվել էին կոնյակի, գինիների, շամպայնի ընտիր տեսակներ: Աճուրդից ստացված միջոցներն «Ամերիա» ընկերությունների խումբն ավանդաբար կրկնապատկել է, ինչի արդյունքում 17 ծանր հիվանդ երեխաների բուժմանը կուղղորդվի 61 մլն դրամ:
Աճուրդում ներկայացվել են էլիտար նմուշների 20 լոտեր, որոնք հատուկ են Հայաստան բերվել, մասնավորապես, «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ. 5 լիտր, Tignanello 2010թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ: Աճուրդի ընթացքում իրենց լավագույն խմիչքներն են ներկայայցրել «Արարատ կոնյակի գործարան» ՓԲԸ և «Պեռնո Ռիկար Արմենիան», «Նոյ» կոնյակի, օղու, գինու կոմբինատը, «Արտեկսիմ» ՍՊԸ, «Արմանյակ Դելորդ» ՍՊԸ, «Շատո Արարատ Վինյարդ» ՓԲԸ, «Ավերս» ՓԲԸ, «Անդակո» ՓԲԸ և In Vino խանութը: Աճուրդի արդյունքում ամենաթանկարժեք լոտը եղել է 70 տարվա «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» կոնյակը, որի դիմաց գնորդը վճարել է 2 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, լոտերի վաճառքից «Ամերիա» ընկերությունների խմբին հաջողվել է հավաքել 27.1 մլն դրամ, ինչին ավելացել են նաև 3.473 մլն դրամի մասնավոր նվիրատվություններ: Դրա արդյունքում դեկտեմբերի 6-ին հավաքված ընդհանուր գումարը կազմել է 30.573 մլն դրամ, որն ավանդաբար կրկնապատկել է «Ամերիա» ընկերությունների խումբը` գերազանցելով 61 մլն դրամը: Հիշեցնենք, որ 2010 թվականին աճուրդի շրջանակում հավաքվել էր 19 մլն դրամ, 2011 թվականին` 21 մլն դրամ, 2012 թվականին` 79 մլն դրամ:
«Այսօր մենք մասնակցում ենք այս միջոցառմանը, քանի որ այն նպատակաուղղված է ծանր հիվանդ երեխաների առողջության բարելավմանը: Մեր ընկերությունն արդեն վաղուց աջակցում է մարդկանց կյանքի բարելավմանը», - նշել է Riedel the wine glass company Ռուսաստանում և ԱՊՀ-ում վաճառքի գծով փոխնախագահ Ալեքսանդր Զորինը:
«Անտինիորի ընտանիքը, որ արդեն 600 տարի զբաղվում է գինեգործությամբ, այս աճուրդում ներկայացրել է երկու լոտ, որոնք կապացուցեն մեր ընտանիքի գինիների կատարելությունը: Մեզ համար մեծ պատիվ է իտալական գինեգործության լավագույն ավանդույթները Հայաստանում ներկայացնելը` հանուն երեխաների կյանքի բարելավման», - ասել է Անտինիորի ընտանիքի միջազգային փորձագետ-մենեջեր Գվիդո Վանուկին:
Աճուրդում հավաքված և կրկնապատկված գումարը կուղղորդվի քաղցկեղով, հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը: Գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք»,«Օգնենք հայ երեխաներին»,«Երեխաներ առանց ցավի» և «Էխո» ԲԸ, որտեղ գրանցված են բուժընթաց անցնող և նյութական աջակցության կարիք զգացող 17 երեխաները: Նախագծին մասնակցել ցանկացող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դրամական միջոցներ փոխանցել Ամերիաբանկի 1570036910764400 հաշվին:
Նշենք, որ «Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանի շուկայում առավել ագրեսիվ զարգացող ֆինանսական խմբերից մեկն է` բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտում: Խմբի ընկերությունների կողմից տրամադրվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթը պլատֆորմ է ստեղծում Հայաստանի և տարածաշրջանի տարբեր սոցիալ-տնտեսական և գործարար հատվածների հաճախորդներին համալիր ֆինանսական աջակցության համար: Խմբի կազմում են Ամերիաբանկը, «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը և «Ամերիա Ասետ Մենեջմենթ» ներդրումային ընկերությունը: