Ըստ նախանական տվյալների, Նոյեմբերի 14-ին նախատեսված Փարիզ-երևան չվերթը չի հետաձգվի: Այս մասին տեղեկացվել է Air France ընկերության հայաստանյան գրասենյակից:
Ըստ ընկերության տվյալների, ժամը 10:30-ի դրությամբ չվացուցակում փոփոխություններ չեն եղել, իսկ ժամը 20:50-ին Փարիզից ժամանող ինքնաթիռը վայրեջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում:
Նշենք, որ ֆրանսիական ավիաընկերությունն արդեն հայտարարել է, որ բոլոր թռիչքները կիրակակացվեն չվացուցակի համաձայն, ինչպես նաև ընդունվել են անվտանգության ուժեղացված միջոցներ:
Նոյեմբերի 13-ին Փարիզի մի քանի շրջաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ: Երեք պայթյուն է որոտացել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անմիջապես տարհանել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Միաժամանակ ահաբեկիչների խումբը պատանդներ է վերցրել Փարիզի Bataclan համերգասրահում, որտեղ այդ պահին ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք-խմբի համերգը: Երկրի իշխանությունները որոշել են գրոհ իրականացնել հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով:
Վերջին տվյալների համաձայն, Փարիզում ահաբեկչական գործողությունների հետևանքով աոհվ ել է 153 մարդ: Ֆրանսիայի իշխանությունների հաղորդմամբ, 112 մարդ զոհվել է Bataclan համերգասրահում: Գրոհի ընթացքում ոչնչացվել է 4 ահաբեկիչ: Ականատեսները պատմել են, որ հարձակվողները հրաձգության ժամանակ գովաբանել են Ալլահին և բղավել. «Սա` Սիրիայի համար»: Ինչպես հաղորդել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, ահաբեկչական գործողություններն իրականացվել են գրեթե միաժամանակ` վեց տարբեր կետերում: