Սահմանադրական բարեփոխումների դեմ «Ոչի» ճակատի քարոզչությունը պատշաճ չի լուսաբանվում հայկական ԶԼՄ-ներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցության մամուլի քարտուղար Վարդան Քոչարյանը: Նա նշել է, որ զանգվածային լրատվամիջոցները կանխակալ վերաբերմունք են դրսևորում, հավելելով, որ «Ալյանս» կուսակցությունն այդ առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին: Քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին և կավարտվի դեկտեմբերի 4-ի կեսգիշերը: Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորվել է երկու ճակատ. «Ոչի» ճակատը գլխավորում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ «Նոր Հայաստան» փրկության ճակատը` Ժիրայր Սէֆիլյանը: Նա հայտարարել է դեկտեմբերիբ 1-ին իշխանափոխության գործընթաց սկսելու մտադրության մասին, հավաստիացնելով, որ շարժումը չի նահանջելու և գնալու է մինչև վերջ` իր նպատակի իրագործմանը հասնելու համար: «Իսկ եթե իշխանությունները փորձեն ուժ կիրառել, ապա կստանան համարժեք պատասխան», - հայտարարել է Սէֆիլյանը: