Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:
ՙՀամանախագահներից պահանջվում է լինել ոչ թե դատավոր կամ փաստաբան, այլ՝ ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևերի, Չմիավորման շարժման, Իսլամական կոնֆերենցիայի կազմակերպության, ԵԽԽՎ-ի փաստաթղթերի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը՚,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Հաջիևը նշել է, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ հավաստում են հակամարտության կարգավորմամբ շահագրգռված միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ փաստաբանը կամ դատավոր չեն:
ՙԲանակցային գործընթացում մոնոպոլիստական դիրքորոշմամբ հանդես եկող ՄԽ համանախագահների վերաբերմունքը ԵԽԽՎ համապատասխամ զեկույցի, ինչպես նաև հակամարտության կարգավորման վերաբերյալ այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված հիմնարար փաստաթղթերի նկատմամբ իրականում ցույց է տալիս, թե որքանով են նրանք «պատրաստ՚ համագործակցել միջազգային այլ կազմակերպությունների հետ՚,- նշել է նա:
Միաժամանակ Հաջիևը նշում է, որ ՙօկուպացիայի և ագրեսիայի՚ փաստերի առկայության պայմաններում համանախագահների հայտարարությունը, թե կողմերն իրենք պետք է որոշում ընդունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում, և հակասում է նրանց մանդատին:
ՙՆման դիրքորոշումը ծառայում է միայն Հայաստանի շահերին, ապահովում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը և ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը, ինչի անընդունելիության մասին նշվել է համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունների մեջ՚,- նշել է Հաջիևը:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին Մինսկի միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծել են, որ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծխելու փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը և խոչընդոտում են առաջընթացի ձեռքբերմանը: ՙՄիաժամանակ մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռվածություն են դրսևորում հակամարտության արդար և կայուն կարգավորման հասնելու հարցում՚,- նշվում է միջնորդների հայտարարության մեջ: Ըստ որում, միջնորդները նշում են, որ ի գիտություն են ընդունում ԵԽԽՎ ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ։
Ըստ որում, միջնորդները համոզված են, որ կարգավորումը պետք է հիմնված լինի կողմերի փոխհամաձայնության վրա, ինչպես ընդգծված է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունում: Միաժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահներն իրենց մանդատի շրջանակներում կշարունակեն աջակցությունը կողմերին: ՙՄեր խնդիրն է՜ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք դատավորներ չենք և ոչ էլ՝ փաստաբաններ՚,-ասված է հայտարարության մեջ։