Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումն անփոփոխ է: Ռուսաստանի ԱԳՆ կայքում զետեղցած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 12-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններն Ադրբեջանին հանձնելու հնարավորության վերաբերյալ հայկական լրատվամիջոցների հաղորդումներին, որոնք հայտնվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երեւան այցի համատեքստում:
«Գիտեք, ես չեմ կարող է որեւէ բան ավելացնել այն ամենին, ինչի մասին շատ մանրամասն պատմել է նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում կայացած բաց մամուլի ասուլիսի ընթացքում», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Նա ընդսմին ընդգծել է, որ մամուլի ասուլիսում Լավրովը մանրամասն կանգ է առել քննարկված հարցերի վրա, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա:
«Կարծում եմ, պետք չէ սրել իրավիճակը, ավելի լավ է դիմել սկզբնաղբյուրներին, Ռուսաստանի նախարարի խոսքերին, ամեն ինչ հրապարակված է մեր կայքում: Միակ բանը, որ կարող եմ ավելացնել, ռուսական կողմը պահպանում է սերտագույն շփումները մեր հայ գործընկերների հետ, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նաեւ ադրբեջանցի գործընկերների հետ, և մենք չենք անում արևէ բան, որը կարող է վնասել երկու երկրներին: Մեր խնդիրը բազմիցս հաստատվել է հրապարակավ: Մեր մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չեն փոխվել, եւ ես կարող եմ միայն ևս մեկ անգամ հաստատել դրանք: Հուսով եմ՝ ինչ-որ կերպ հանգստացրի հայկական զանգվածային լրատվամիջոցներին»,- նշել է Զախարովան:
Նա, միևնույն ժամանակ, հորդորել է հարցեր ծագելու դեպքում դիմել Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: «Մենք կպատասխանենք ծագող հարցերին: Դա ավելի լավ է, քան` եթե չփարատված վախերը պահպանվեն», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսային գործընթաց է սկսվել` Ռուսաստանի նախաձեռնությամբ: Շրջանառվող լուրերի համաձայն, նոյեմբերի 9-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում փորձել է հայկական կողմին համոզել Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի հարակից մի քանի շրջան: «Այդպիսով Մոսկվան ակնկալում է ստանալ Բաքվի համաձայնությունը ԵԱՏՄ անդամակցության հարցում», - նշվել է ԶԼՄ-ներում: