Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Habertürk հետուստաալիքը:
«Նույնիսկ, եթե Թուրքիան և Հայաստանը վերականգնեն բնականոն դիվանագիտական հարաբերությունները, ապա առանց Հարավային Կովկասում խաղաղության այդ հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել», - ընդգծել է նա:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ավելացրել է, որ այսօր տարածաշրջանում ամուր կապեր են հաստատվել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև: Նրա ասելով, եթե հաշվի չառնենք Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, ապա, կարելի է ասել, որ Հայաստանը մեկուսացման մեջ է: Թուրքիայի արտգործնախարարը վերստին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կապել է, այսպես կոչված, «օկուպացված տարածքների» ազատման հետ: «Պաշտոնական Անկարան նման իրադրության կողմնակից չէ, սակայն, եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ գոյություն ունեցող մեկուսացումից, ապա պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները», - նշել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Դավութօղլուն կժամանի Երևան` մասնակցելու ՍՏՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: