Պետությունը չպետք է կողմնակի դիտորդի դեր ստանձնի` տնտեսության կարևորագույն հատվածների զարգացումը թողնելով տնտեսավարող սուբյեկտների հայեցողությանը: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հայտարարել է ՀՀ հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով «Նաիրիտի» շուրջ առկա զարգացումները:
Նրա ասելով, պետության կարգավորող և վերահսկող գործառույթը պետք է առաջին պլանում լինի: «Անհրաժեշտ է ներդնել պետության և մասնավոր հատվածի փոխգործակցության ինստիտուտ, որում պետությունը, հանդես գալով որպես բաժնեմասային սեփականատեր, համագործակցության է հրավիրում բիզնեսի ներկայացուցիչներին», - նշել է Սաֆարյանը: «Ռուսաստանից գնելով 220 մլն դոլարի պարտքը` Հայաստանի Հանրապետությունն, այսօրվա դրությամբ, «Նաիրիտ» գործարանի 100% սեփականատեր է: Կատարելով որոշակի ներդրումներ քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ` պետությունը կբարձրացնի հնարավոր ներդրողների վստահությունը», - ընդգծել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ԱԺ ամբիոնից հայտարաել էր, թե Հայաստանի կառավարությունը շահագրգռված է «Նաիրիտի» վերագործարկմամբ: Գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանն իր հերթին հոկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ գործարանի մասնագետները ներկայացրել են ձեռնարկության վերագործարկման երեք ծրագիր, որոնք նախատեսված են տարբեր հզորությամբ աշխատանքի համար: «Այդ ծրագրերից ամենաթանկարժեքը ենթադրում է 97 մլն դոլարի, այլ ոչ թե 350-400 մլն դոլարի ներդրում, ինչպես նշված Է Համաշխարհային բանկի աուդիտներում», - հայտարարել էր Թադևոսյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, հոկտեմբերի 29-ին գրոծարանի 400-ից ավելի աշխատակիցներ նամակով դիմել են նախագահին` խնդրելով աջակցել գործարանի վերագործարկման գործընթացին, ինչպես նաև` իրենց աշխատավարձերից տուգանքների և տոյժերի պահանջի իրավունքը «Նաիրիտ-2» ձեռնարկությանը զիջելու վերաբերյալ «ապօրինի» պայմանագրի չեղարկմանը:
Մինչդեռ 2015 թվականին Հայաստանի կառավարության պատվերով «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ էր անցկացրած Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն, «Նաիրիտի» վերագործարկումն աննպատակահարմար է, քանի որ պահանջում է առնվազն 250 մլն դոլարի ներդրում, սակայն, նույնիսկ ներդրողներ ի հայտ գալու դեպքում ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները եզրակացրել են, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա «Նաիրիտի» արտադրանքը բավականին բարձր ինքնարժեք կունենա` նաև հիմնական միջոցների զգալի մասին էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական: