«Ոչի» ճակատի քարոզչական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ բոլորին է հայտնի, թե ում և ինչ նպատակների է կոչված ծառայելու նոր սահմանադրությունը: Ինչպես հայտարարել է Զուրաբյանը, բաց է մնում միայն այն հարցը, թե արդյոք ժողովուրդը կարող է հաղթել դեկտեմբերի 6-ին և իր «ոչն» ասել սահմանադրական բարեփոխումներին:
Ելույթ ունենալով Ազատության հրապարակի հարթակից` Զուրաբյանը համոզմունք է հայտնել, որ «Այոյի» ճակատի ճամբարում կան սաբոտաժային տրամադրություններ: Նրա կարծիքով, չնայած համընդհանուր թերահավատությանը, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները կախված են լինելու ժողովրդի կազմակերպվածությունից: Լևոն Զուրաբյանը զանգվածներին կոչ է արել տևական ցույցերի` նշելով բողոքի հաջորդ գործողության օրն ու վայրը` նոյեմբերի 20-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում անձրևի տակ տեղի է ունցեել «Ոչի» հանրահավաքը, որը կազմակերպել էր սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը: