ՀՀ Ոստիկանությունը բերման է ենթարկել ևս 4 ակտիվիստի, որոնց հաջողվել է հասնել նախագահական նստավայրի անմիջական հարևանությամբ գտնվող Սիրահարների այգի:
Երկարատև բանավեճից հետո ակտիվիստներին չի հաջողվել համոզել իրավապահ մարմիններին, և նրանց ուժով նստացրել են ոստիկանական մեքենաները: Ակտիվիստների հետ միասին ոստիկանական մեքենայի մեջ են խցկել ԱրմԻնֆո-ի թղթակից Աշոտ Սաֆարյանին, ով փորձում էր դեպքի վայրից լուսաբանել ակտիվիստների գործողությունները: Սակայն, ներկայանալուց և լրագրողական վկայականը ցույց տալուց հետո Սաֆարյանին բաց են թողել`միաժամանակ նախատելով, որ չի կարելի կանգնել Բաղրամյան պողոտայի այդ հատվածում:
Նշենք, որ ժամեր առաջ Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել նաև Գարեգին Նժդեհի թոռնուհի Էմման, ով նստացույց էր անում նախագահական նստավայրի մոտ: Իսկ դրանից առաջ Երևանի փողոցներում խաղաղ ակցիաների ընթացքում շուրջ 30 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Նշենք, որ վաղ առավոտից Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի, ինչպես նաև Մաքսային միությանը երկրի անդամակցման վերաբերյալ փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ: