Հայկական կողմը զգուշացնում է Ադրբեջանին`ինքնախաբեությունն աշխատանքի լավագույն մեթոդ չէ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը`մեկնաբանելով ցանկացած ճանապարհով հայկական ԶՈւ ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանը:
ՙ
Ադրբեջանական կողմի հայտարարությունները երբեմն սարկազմի են հասնում: Ի՞նչ է նշանակում ցանկացած ճանապարհով: Նրանք ունեն մեթոդներ, որոնք արգելվա՞ծ են: Տարիներ շարունակ մենք լսում ենք կրկնվող հայտարարություններ: Փոխվում է ղեկավարությունը, սակայն հայտարարությունների էությունը, բառապաշարը, հռետորաբանությունը նույնն է մնում: Դա վերաբերում է նաև ադրբեջանցի զինծառայողների պատրաստվածությանը, ինչպես նաև բարոյական ոգուն՚,- նշել Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանական գերատեսության ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ օգոստոսի 22-ին հրադադարի ռեժիմի խախտման ընթացում կորուստների բացակայության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը:
ՙԱդրբեջանական ֆորումներում հասարակ մարդիկ կիսվում են կորուստների վերաբերյալ տեղեկատվությամբ`նշելով անուններ և վայրեր: Ահա իրական իրականությունը: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ փորձում է թաքցնել ճշմարտությունը՚,- եզրափակել է նա`հերքելով նաև հայկական կողմից կորուստների վերաբերյալ Բաքվի հայտարարությունները:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դերգյահլին հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրաման է տվել ցանկացած ճանապարհով ոչնչացնել հայկական զինված ուժերը, այդ իսկ պատճառով Ադրբեջանի զինված ուժերն օգոստոսի 22 հարվածներ են հասցրել հայկական կողմին:
Նա նաև նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի խախտման հետևանքով երեք ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
Սակայն, ԼՂՀ ՊԲ տվյալներով, օգոստոսի 22-ին տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ: