Ադրբեջանում կառավարող ռեժիմը պատերազմի ուղի է ելել, քանի որ պաշտոնական Բաքուն իր փրկությունը տեսնում է միայն ռազմական գործողությունների վերսկսման մեջ: Այդ մասին հայտարարել է ադրբեջանագետ, Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նրա ասելով, եթե դեռ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարության շրջանում կասկածներ կային ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտության առնչությամբ, ապա այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը գնում է հակամարտության սրման արագացման: «Արդեն գործի են դրվել ականանետներ», - ընդգծել է փորձագետը:
Գրգորի Այվազյանը համաձայն չէ այն փորձագետների հետ, որոնք փորձում են հանգստացնել հասարակությանը հայտարարություններով, թե Ալիևների ռեժիմն իրական ռազմական գործողությունների չի գնա: «Կարծում եմ, Ալիևի ռեժիմը այնպես է ապահովել իր թիկունքի անվտանգությունը` ֆինանսական առումով, որ նրանց շատ ձեռնտու է «պատերազմ սարքել» խորհրդարանական ընտրություններից առաջ», - պնդել է ադրբեջանագետը:
Նա Հայաստանի ղեկավարությանը կոչ է անում դիմել սիմետրիկ ռազմական գործողությունների, կարծելով, թե հակառակ դեպքում հայկական կողմը «թույլիկի» տպավորություն կթողնի: «Զուր չեն ասում. «Ցանկանում ես խաղաղություն` պատրաստվիր պատերազմի», - ամփոփել է Այվազյանը: