ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է ՙԵրևան Ջուրՙ փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։
Քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և հաշվի առնելով ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 29-ի գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է` վերահաստատել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի օգոստոսի 9-ից։
Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը մտադիր էր բարձրացնել սակագինը 2,4 դրամով, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարիվ: ՀԾԿՀ-ին ուղղված ընկերության գրության մեջ ընդգծվում է, որ անցած 9 տարիներին հաջողությամբ կատարվել են Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները. համակարգում էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է 81%-ով: ՙՀաշվի առնելով այդ հանգամանքը`ընկերությունն առաջարկում է անփոփոխ թողմել սակագինը՚,- ասվում է գրության մեջ: