Երևանի ավագանու ՙԲարև Երևան՚ խմբակցության անդամ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող շարժման համակարգող Դավիթ Սանասարյանը մտադիր չէ հուլիսի 9-ից շուտ դադարեցնել նախօրեին սկսած հացադուլը: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով, իր հայտարարած հացադուլն ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ Հայաստանի քաղաքացիներին, ովքեր բուռն պայքար են ակնկալում Ազատության հրապարակի ցուցարարներից, սակայն իրենք այնտեղ գնալ չեն ցանկանում: ՙԴա արմատական միջոց է, նման կերպ ցանկանում եմ ազդել քաղաքացիների գիտակցության վրա և հասնել նրանց համախմբմանը՚,- նշել է նա: Ըստ որում, նա ավելացրել է, որ մինչև հուլիսի 9-ը հրապարակում կկազմակերպվեն հասարակական լսումներ, որոնց ընթացքում կորոշվեն շարժման հետագա անելիքները, իսկ արդեն 9-ին հանրահավաք տեղի կունենա: ՙՄինչ այդ մտադիր չեմ դադարեցնել հացադուլը՚,- նշել է ակտիվիստը:
Սանասարյանը նշել է նաև, որ երբ ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո վերադարձել է հրապրակ, սպասում էր բողոքի բազմամարդ ակցիա, սակայն հիասթափված էր տեսածով: ՙՍկզբում Բաղրամյան պողոտայում ուժեղ շարժում էր, այն աստիճանաբար մարեց, սակայն կարող է նոր թափ ստանալ, եթե հասարակությունը համախմվի՚,- ասել է նա:
Նշենք, որ նախօրեին ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիան: Դավիթ Սանասարյանը հունիսի 6-ին Ազատության հրապարակում հայտարարել է հացադուլ սկսելու մասին: ՙԱյս քայլը նպատակաուղղված է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ քաղաքացիների դեմ: Ես իմ բողոքն եմ հայտնում ընդդեմ Հայաստանի քաղաքացիների և հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները միանան ընդհանուր պայքարին Ազատության հրապարակում, և մենք միասին շարժվենք դեպի Բաղրամյան՚, - հայտարարել է Սանասարյանը: Հովհաննես Կարապետյան անունով մեկ այլ ակտիվիստ կարել է բերանը: