Ընդհուպ 2011 թվականի նախավերջին խորհրդարանական ընտրություններն ԱԶԿ ընտրազանգվածը մշտապես ավելացել է: Ի՞նչ արմատական փոփոխություններ պետք է տեղի ունենային Թուրքիայում և դրա շուրջը վերջին 4 տարում, որպեսզի ընտրազանգվածի նախապատվություններն այդքան կտրուկ փոփոխվեին:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ոչ պակաս չափով կարելի է հիմնավորել նախագահ Ռեջեփ Էրդողանի`դրանք Սահմանադրության հանրաքվեի հետ կապելու ձգտմամբ`ուղղված սեփական լիազորությունների ուժեղացմանը: Խորհրդարանական նախընտրական արշավին վերջինիս մասնակցության փաստը, ըստ որում`հասարակությանը ՙյուրայինների՚ և ՙօտարների՚ բաժանելու`Էրդողանին բնորոշ ձևով, թուրքական հասարակության մի մասին դրդել է այլընտրանքի որոնմանը`ի դեմս քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության, որն ձգտում է իր շուրջ համախմբել ՙձախ՚ ուժերին: Այդ երկու գործոնները միասին հանգեցրել են AKP ձայների այդ տոկոսի կորստին: Մյուս կողմից, դա բավական օրինաչափ էր`հաշվի առնելով, որ ոչ մի կուսակցություն չի կարող մշտապես վերընտրվել: Չէր կարող իր դերը չխաղալ նաև AKP նոր առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի մոտ Էրդողանի խարիզմայի բացակայությունը: Եվս մեկ գործոն է Ֆեթհուլլահ Գյուլենի հետ Էրդողանի տարաձայնությունների`բացահայտ թշնամության վերաճումը:
Վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես`Սիրիայի նկատմամբ, չէ՞ր կարող նույնպես բացասաբար անդրադառնալ Թուրքիայի ներքին գործընթացների և, մասնավորապես, AKP վարկանիշի վրա:
Կարծում եմ, որ դա ևս իր դերը խաղաց: Իրոք, Սիրիայի նկատմամբ Էրդողանի քաղաքականությունը Թուրքիայի բնակչության որոշակի մասի դժգոհության կատալիզատոր դարձավ, ինչը ձեռնտու էր ամենից առաջ Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը:
Այնուամենայնիվ, դեռևս անհասկանալի է, թե ինչ իշխանություն կձևավորվի Թուրքիայում այդ ընտրությունների արդյունքում: Այս առումով արդեն այսօր կարելի է որոշակի անկայունություն կանխատեսել Թուրքիայում:
Որքանով հասկանում եմ, իրավիճակից ելքի տարբերակները երկուսն են` AKP կողմից ստեղծված փոքրամասնության կառավարությունը և վերջինիս կոալիցիան խորհրդարան անցած երեք ուժերից մեկի հետ...
Կա նաև երրորդ տարբերակը` ընդդիմադիր երեք կուսակցությունների, AKP-ին շրջանցելով, միավորումը և նոր կառավարության ստեղծումը: Նման միավորումը լիովին հնարավոր է, սակայն այն շարունակական բնույթ չի կրի: Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ՙԱզգայնական շարժում՚ կուսակցությունը և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը կարող են պայմանավորվել համակարգային բարփոխումներ անցկացնելու, առաջին հերթին`թուրքական խորհրդարան անցնելու համար 10 տոկոս շեմը մինչև 5-7% նվազեցնելու շուրջ: Դրանից հետո նրանք կարող են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և այլ արդյունքներ գրանցել: Այնուամենայնիվ, այդ երեք ուժերի կողմից նոր լիարժեք, երկարաժամկետ կոալիցիայի ձևավորում սպասել պետք չէ: Սակայն, այդ երեք տարբերակներից ամենահավանական սցենարը, նրա կարծիքով, կոալիցիայի ստեղծումն է` AKP և ՙԱզգայնական շարժում՚ կուսակցության մասնակցությամբ:
Կարծիք կա, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քրդական գործոնի դիտվող ուժեղացման պայմաններում, կարող են Թուրքիայում կենտրոնախույս գործընթացների կատալիզատորի դեր խաղալ`ընդհուպ վերջինիս ֆեդերալացումը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է հավանական նման սցենարը:
Չեմ կարծում, որ այդ գործընթացները մեծ ակտուալություն ձեռք կբերեն առաջիկա 3-4 տարում, բայց այն, որ վերջին խորհրդարանական ընտրությունները սկզբունքորեն նոր իրավիճակ են ստեղծել Թուրքիայի քաղաքական կյանքում, փաստ է: Թուրքիայի`որպես միասնական պետություն, փլուզման հեռանկարների հիմնավորվածության, նման ներուժի առկայության առաջին պատճառը վերջինիս քաղաքական ընտրախավի վախն է այդ սցենարի առնչությամբ:
Կարծում եք, որ Հայաստանը, հայությունը պատրա՞ստ են իրադարձությունների նման զարգացմանը:
Ցավոք, չեմ կարող դրականորեն պատասխանել այդ հարցին: Մինչդեռ մեզ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ և միանշանակ պատրաստ լինել ոչ միայն նման սցենարի, այլ նաև իր շահերը շոշափող ցանկացած այլ սցենարի իրականացմանը: Թուրքիան կբաժանվի մասերի`անկախ Հայաստանի դիրքորոշումից, սակայն այդ պահին հայությունը պետք է պատրաստ լինի, թեկուզ այն պատճառով, որ վերջինիս տարածքների մի մասը պատկանում է Հայաստանին: Դրա համար Հայաստանին պետք է ուժեղ պետականություն, որը, ցավոք, առայժմ չունենք: Իհարկե, չեմ բացառում, որ Թուրքիայի փլուզումը նոր խթան կհաղորդի նման պետականության ստեղծմանը, սակայն նստել ու սպասել այդ սցենարի իրականացմանը, կարծում եմ, ճիշտ չէ:
Թուրքիայում, տարբեր տվյալներով, մի քանի միլիոն մահմեդական հայեր, ծպտյալ հայեր, հայկական արմատներով մարդիկ են ապրում: Արդյո՞ք Թուրքիայի մեր հայրենակիցները շարունակում են աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնել ուժի կենտրոնների համար:
Ես չեմ կիսում տեսակետը, ըստ որի`ցանկացած մարդ, ում երակներում մի քանի տոկոս հայկական արյուն է հոսում, ինքնաբերաբար հայ է: Այդ հարցում գլխավորն այդ մարդկանց ինքնաճանաչումն է: Կոչ եմ անում, զերծ մնալով սխալ հաշվարկներից, զբաղվել ծպտյալ հայերով, ովքեր ճանաչում են իրենց ինքնությունը, բայց չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին: Իրենց արմատներին վերադառնալ ցանկացող այդ մարդկանց անհրաժեշտ է օգնել, ավելին ակնկալել պետք չէ:
Հայությունը շարունակում է Թուրքիայից պահանջել Արևմտյան Հայաստանը: Ենթադրենք`մի գեղեցիկ օր աշխարհաքաղաքական իրավիճակը կստիպի Թուրքիային այդ տարածքները վերադարձնել Հայաստանին...այնտեղ բնակվող միլիոնավոր քրդերի հետ միասին...
Կասկածում եմ, որ մի գեղեցիկ օր Թուրքիան կհայտարարի Հայոց ցեղասպանություն ապրածների ժառանգներին իրենց հայրերի ու պապերի հողերը վերադարձնելու մտադրության մասին: Հայաստանը և հայությունը միանշանակ չպետք է հրաժարվեն հայրենիքի նկատմամբ օրինական իրավունքներից`ամրագրված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման մեջ: Դա գլխավորն է, մնացածը`ժամանակի հարց է: Կգա օրը, երբ դա հնարավոր կդառնա, և հայությունն, անշուշտ, այդ իրավունքից կօգտվի: Ամեն բան կախված կլինի աշխարհաքաղաքական իրավիճակից: Քրդերի բնակությունն Արևմտյան Հայաստանում ամենևին հայերին պատկանող տարածքի նկատմամբ իրավունքից չի զրկում մեզ:
Իրանի և Արևմուտքի միջև Լոզանյան համաձայնագրերը մեր տարածաշրջանում նոր իրողության առաջացման հեռանկարներ ստեղծեցին: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:
Արևմուտքի և Իրանի միջև պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, ձեռք կբերվեն`հաշվի առնելով, որ ամենից առաջ դա բխում է Արևմուտքի շահերից:
Այդ համաձայնությունների իրականացումը միանգամայն նոր իրավիճակ կստեղծի մեր տարածաշրջանում: Առաջին հերթին զգալիորեն կթուլանա լարվածության աստիճանը, թեև վերջնականապես այդ լարվածությունը չի վերանա: Դրանք բխում են նաև ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն հայության շահերից: Նոր հնարավորություններ կբացվեն նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցում`հաշվի առնելով, որ ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո կվերանա նաև այդ համագործակցության առնչությամբ երրորդ երկրների մտահոգությունը:
Լոզանյան պայմանավորվածությունների իրագործումը վաղ թե ուշ կհանգեցնեն դեպի Եվրոպա իրանական էներգապաշարների արտահանմանը: Կարելի՞ է արդյոք սպասել Ադրբեջանի դերի անկում`որպես Ռուսաստանին այլընտանքային էներգապաշարների աղբյուր:
Արևմուտքը հազիվ թե կտրուկ փոխի իր քաղաքականությունն այդ ուղղությամբ`հաշվի առնելով, որ համաձայնագրերի ստորագրումից հետո հաջորդ իսկ օրն Իրանի և Արևմուտքի միջև 100 վստահության առաջացում չենք կարող սպասել: Եվրոպայի և ԱՄՆ հետ Ադրբեջանի առանց այդ էլ ոչ այնքան լավ հարաբերություններին առաջին հերթին սպառնում է ոչ թե Իրանի հետ վերջիններիս հարաբերությունների ջերմացումը, այլ`ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ երկրի ներսում այդ երկրի ղեկավարության ոչ ադեկվատ վարքագիծը: Ռուսաստանն արդեն փորձում է օգտագործել Բաքվի և Արևմուտքի հարաբերություններում այդ լարվածությունը, սակայն Իրանի հետ դա քիչ ընդհանրություն ունի: Այլ բան է, որ Ադրբեջանի ազդեցությունը զգալիորեն կթուլանա`հաշվի առնելով, որ միջուկային խնդրի կարգավորումը կչեզոքացնի նաև վերջինիս նշանակությունը`որպես ԻԻՀ-ին հարևան պետություն, Կասպիայի խնդիրները և այլն: