Թուրքիան հնարավորինը կանի, որպեսզի Եվրախորհրդարանը 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ բանաձև չընդունի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը:
«Թուրքիայի պաշտոնական անձինք կայցելեն Եվրոպական խորհրդարան` դրա նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպելու նպատակով», - ասել է նա, հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով Hurriyet Daily News-ը:
Նրա ասելով, Թուրքիան արդեն հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել է, որպեսզ(ի համանման բանաձև չընդունի Դանիայի խորհրդարանը: Բիլգիչը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս «1915 թվականի իրադարձությունների միակողմանի գնահատման և դրանք որպես Անկարայի նկատմամբ քաղաքական ճնշում օգտագործելու դեմ»:
Նշենք, որ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկն ապրիլի 8-ին Վիեննայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող քննարկումներում կարևորել է համապատասխան բանաձևի ընդունումը: Այդ հարցը քննարկվելու է ապրիլի 14-15-ին Եվրախորհրդարանում: Նա նաև նշել է, որ ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին և կառավարություններին կառաջարկվի և կհանձնարարվի ընդունել ընդդեմ մարդկության այդ ոճրագործությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր և որոշումներ: