Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ քաղաքական ուժերը չեն շտապում Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության առնչությամբ գնահատականների հարցում

$
0
0

ՀՀ քաղաքական ուժերը չեն շտապում Արցախյան պատերազմի հերոս, ՙՀիմնադիր խորհրդարան՚ շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանի և ՀԽ այլ անդամների ձերբակալության առնչությամբ գնահատականների հարցում:  

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը, գործը գտնվում է իրավական հարթությունում, և մինչև քննության ավարտը Սեֆիլյանի ձերբակալութանը որևէ քաղաքական կամ այլ գնահատական տալը նպատակահարմար չէ:

Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Հովհաննես Սահակյանն իր հերթին նույնպես հայտարարել է, որ պետք չէ շտապել գնահատականների հարցում: Ըստ որում, նա նշել է, որ իշխանափոխության վերաբերյալ Սեֆիլյանի հնչեցրած հայտարարությունների, ապրիլի 24-ին նախապատրաստվող բողոքի տարբեր ակցիաների պայմաններում իրավապահ մարմինները պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեին: Սահակյանն անընդունելի է համարել իրենց գործողություններով միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից շեղելու ՙՀիմնադիր խորհրդարանի՚ փորձերը: ՙԵրկու երկիր կա միայն, որ հնարավոր ամեն բան անում է միջազգային ուշադրությունն այդ ողբերգական իրադարձության 100-րդ տարելիցից շեղելու համար`Թուրքիան և Ադրբեջանը: Մենք մեր գործողություններով չպետք է ջուր լցնենք նրանց ջրաղացին՚,- հայտարարել է Սահակյանը:   

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրավական կառույցները դեռ պետք է հիմնավորեն ՀԽ անդամների ձերբակալման հետ կապված իրենց գործողությունների իրավազորությունը: Ըստ որում, նա հիշեցրել է, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը բազմիցս քննադատել են ՀԽ ռազմավարությունը`գտնելով, որ իշխանությունների դեմ պայքարը չի կարելի է կապել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: 

ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին իրադարձությունները ստվեր չեն գցի երկրի միջազգային հեղինակության վրա, նշել է. ՙԲոլոր, նույնիս ամենաժողովրդավարական երկրներում, օրենքների խախտման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում, իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են ձեռնարկում: Այլ հարց է`արդյո՞ք ձերբակալվածներն օրենքի հետ կապված խնդիրներ են ունեցել: Այդ հարցին պետք է պատասխանեն իրավապահները՚: 
ՙԺառանգություն՚ կուսակցությունից պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես հայտարարել է, որ դեռ պետք չէ շտապել գնահատականների հարցում, և պետք է սպասել քննության ավարտին: Նրա խոսքով, ՀԽ անդամների հետ կապված գործընթացները քաղաքական ենթատեքստ չունեն: ՙՀաջորդ շաբաթ խորհրդարանում կլինի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, կարծում եմ, նա կներկայացնի այդ գործի մանրամասները: Այնուհետև, կարծում եմ, նույնիսկ  խորհրդարանական լսումներ անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա` օբյեկտիվ քննության ապահովման նպատակով՚,- հայտարարել է Պողոսյանը:  

ՙՕրինաց երկիր՚ կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հակառակ իր գործընկերների, դատապարտել է ՀԽ անդամների ձերբակալությունը: Նա ընդգծել է, որ չի կարելի ձերբակալել մարդկանց միայն բողոքի արտահայտման կամ պայքարի իրենց մեթոդի համար: Նա նաև հայտարարել է, որ վերջին իրադարձությունները քննարկման առարկա կդառնան նաև միջազգային ասպարեզում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ բոլոր այդ ձերբակալությունները տեղավորվում են իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ:  
ՀՅԴ կուսակցությունն ընդհանրապես ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից: Սակայն, ավելի վաղ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն ինքն է իրավապահներին կոչ արել ուշադրություն դարձնել Սեֆիլյանի գործողություններին և հայտարարություններին:  

Նշենք, որ ՀԽ-ն ՙ100-ամյակն առանց ռեժիմի՚ կարգախոսով մտադրվել էր ապրիլի 24-ին բողոքի անժամկետ ակցիաներ սկսել Հայաստանի ամբողջ տարածքում`իշխանափոխության նպատակով: ՀԽ անդամները հայտարարել են, որ ակցիաները չեն դադարի, քանի դեռ ռեժիմը չի հեռացել: Այդ ռազմավարությունն աջակցություն չի գտել հանրապետության քաղաքական ուժերի շրջանում, որոնք գտնում են, որ քաղաքական պայքարը պետք չէ կապել Հայոց ցեղասպանության տարելիցի հետ:

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՙՀիմնադիր խոհրդարանի՚ անդամներ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի ձերբակալման մասին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles