Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մարդ, որը հաջողություն է բերում

$
0
0

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններին մոտ գտնվող Արարատի մարզի Նոյակերտ գյուղը հայտնի է իր փախստականներով, որոնք կազմում են գյուղի բնակչության 80 %-ը: Գյուղը նաև աչքի է ընկնում հսկայական ջրափոսերով լի փողոցներով, որոնց մոտով, ազդանշաններ տալով խաղացող երեխաներին, մանևրում է «ուրախ ավտոբուսը»...

 

Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի Վերխնյայա Ազա գյուղի բնակչուհի, 74-ամյա Սվետլանա Ռուբենի Վարդանյանն ունի 8 թոռ և 8 ծոռ: Դեռ մեկն էլ «ճանապարհին է» ասում է նա, ժպտալով: 1988 թվականին նրա ընտանիքը հաստատվեց Նոյակերտում, սակայն, չնայած այստեղ գցած ամուր արմատներին, նա շարունակում է երազել հայրենիք վերադառնալու մասին:

 

Անցյալը...

 

«Վերխնյայա Ազայում միշտ էլ հայեր են ապրել, իսկ Նիժնյայա Ազայում՝ ադրբեջանցիներ: 60-ական թվականներին հայերը հեռանում էին Երևան, իսկ ադրբեջանցիները գնում էին նրանց տները: Այդ ժամանակներից ադրբեջանցիների հետ սկսեցինք խառն ապրել, բայց համերաշխ: Հարաբերություները փչացան միայն Շարժումն սկսվելուց հետո»,-ասում է տարեց կինը:

 

Հայերն ու ադրբեջանցիները հաճախում էին միմյանց հարսանիքներին, հյուր գնում, երեկոները լոտո էին խաղում, ապրում էին ինչպես մի ընտանիք: Ամեն ինչ փոխվեց մեկ օրում, երբ ադրբեջանցի հարևան Թավադը հաղորդեց, որ երեկոյան հարևան գյուղի բնակիչները պետք է գան հայերին սպանելու: «Մենք նրա տանն ապրեցինք երեք օր: Թավադի հայրը մեզ նույնիսկ հրացան էր առաջարկում՝ ադրբեջանցիներից պաշտպանվելու համար, բայց մենք հրաժարվեցինք: Մեղրի հասանք մեծ դժվարություններով, ճաանապարհին մեքենայի վրա քարեր էին նետում: Լավ է, որ ամեն ինչ ավարտվեց առանց զոհերի»,-պատմում է Սվետլանա Ռուբենովնան:

 

Նրա որդու, 49-ամյա Կարեն Բաբայանի խոսքերով, ադրբեջանական ղեկավարությունը հայերի համար արհեստականորեն անտանելի պայմաններ էր ստեղծում, հարկադրելով նրանց լքել հայրենիքը:

«Իմ հորը հարկադրաբար սովորելու էին ուղարկում Բաքու, իմանալով, որ երիտասարդությունը Բաքվից Օրդուբադ չի վերադառնում: Բայց, տվյալ դեպքում նրանք սխալվեցին, հայրս ուսումն ավարտելուց հետո վերադարձավ հայրենիք»,-ժպտում է Կարենը: Նույնիսկ հասարակ բանվոր ընդունելու համար նրանից կաշառք պահանջեցին, մինչդեռ ադրբեջանցիները նման պոբլեմներ չունեին: Նման քաղաքականություն իրականացվել է միշտ, բայց այն ավելի բացահայտ դարձավ 1987 թվականից հետո...

 

Հիշողություններ...

 

Կարեն Բաբայանն իր ընտանիքը պաշտպանած ադրբեջանցուն մինչև հիմա էլ համարում է ընկեր: Բայց պարտական չի զգում, քանի որ Բաբայանները նույնպես, վտանգելով իրենց, հարևան ադրբեջանցիներին թաքցրեցին իրենց տանը, երբ Նոյակերտ էին եկել ագրեսիվ տրամադրված հայերը: «Մենք ինքներս էլ անցել ենք այդ ամենի միջով, ինչպե՞ս կարող էինք նրանց թողնել դբախտության մեջ: Այդ մարդիկ ադրբեջանից եկած փախստականներ էին, բայց նրանց բախտը մեզ համեմատ այնքան էլ չէր բերել, քանի որ նրանցից շատերի մարմինների վրա խարանով դաջել էին խաչեր»,-տարուբերում է գլուխը տղամարդը:

 

«Մենք միշտ էլ վստահել ենք ադրբեջանցիներին: Հեռանալուց առաջ ես հարևանների մոտ թողեցի ոսկի, արժեքավոր իրեր, որ եթե հանկարծ ճանապարհին մեզ սպանեն, նրանք դա փոխանցեն մեր երեխաներին: Հետագայում նրանք ամեն ինչ վերադարձրին: Մենք հասկանում էինք, որ այլևս երբեք չենք վերադառնալու հայրենիք: Բայց չէ՞ որ շատ մեծ դժվարությամբ էինք կառուցել մեր լավ տունը, որտեղ ուզում էինք փառավոր ապրել»,-ասում է Սվետլանա Ռուբենովնան:

 

Հայրենիքի լավագույն հիշողությունների մասին պատմելուխնդրանքով նա հիշում է գյուղական կիսաքանդ եկեղեցին: «Մեր մարզում հայկական եկեղեցիներ շատ կային: Միայն Ագուլիսում, մեզնից 10 կմ հեռավորության վրա, կար 18 եկեղեցի: Ասում են, բոլորը քանդել են»...

 

Նոր կյանքը

 

Նոյակերտում առաջին տարիներն ընտանիքի համար դժվար էին: «Ամուսինս աշխատում էր դաշտում, ես նստում էին տանը, որը մենք գնել էինք քրդերից: Խեղճ տղաս երկար տարիների քրտինք թափեց, որպեսզի այն դարձնի նորմալ կացարան, բայց այդպես էլ չհարմարվեցինք»,-ժպտում է կինը:

 

Կարենի հայրը՝ Բաբկեն Բաբայանը վախճանվեց 1996 թվականին: Որդու համոզմամբ՝ կորցրած հայրենիքի կարոտից: Պատմությունը կրկնվեց, Կարենի պապին ու նրա եղբորն սպանել էին թուրքերը, խլելով նրանց գույքը և երկհարկանի տունը: Հոր մահվան օրն ամենածան օրն էր Կարենի կյանքում: «Մայրս դարձավ հաշմանդամ, երբ ես դեռ 6 տարեկան էի: Դրա համար էլ 96-ին ես մի օրում «մեծացա»: Չեմ բողոքում, մի քանի մասնագիտություն ձեռք բերեցի: Աշխատում էի որպես վարորդ, կոշիկ էի կարում, զբաղվում գյուղատնտեսությամբ, իսկ այժմ պահակություն եմ անում գյուղի դպրոցում: Գլխավորը – ապրում եմ իմ երկրում»,-պատմում է տղամարդը:

 

Չիրականացաած երազանքներ

 

«Երեխաներս հաճախ են առաջարկում լքել Հայաստանը: Ամենից շատը, ինչ ես ուզում եմ անել, դա Նախիջևան վերադառնալն է: Այս 27 տարիներին ես միշտ էլ ձգտել եմ դեպի հայրենիք: 1991 թվականին, երբ մեր բանակը մտավ Սադարակ, ես տուն վերադառնալուց մի քանի քայլի վրա էի: Իսկ այժմ կարոտս հագեցնում եմ գրքերի միջոցով, որոնցում հիշվում են հայրեի վայրերը: Այդ պահին նրա առջև կենդանանում է յուրաքանչյուր քարը, յուրաքանչյուր թուփը, յուրաքանչյուր ծառը: Նրանցից յուրաքանչյուրն իր անունն ուներ»...

 

Կարենը հիշում է նաև իր ընկեր ադրբեջանցիներին, Վերխնյայա Ազայից, Նորակերտից: Ժպտալով է հիշում քրոջ առաջին երեխայի ծնունդը, երբ նորաթուխ քեռին, իր ընկեր հայերով ու ադրբեջանցիներով դաշտում ուրախությունից դատարկեցին  մի շիշ թթի օղի, որպես ուտելիք ունենալով միայն կանաչի:

«Մենք դեռ 12-13 տարեկան էինք, բոլորս արագ հարբեցինք, իսկ հետ գալու ճանապարհին ընկանք գետակը, որից հետո մի փոքր օյաղացանք: Բայց տնեցիներին այդպես էլ չկարողացանք բացատրել, թե ինչու ենք հարբել»,-արդեն ծիծաղում է տղամարդը:

 

Գուսանների և Արամ Խաչատրյանի հայրենիքը

 

Կարենը հպարտությամբ է պատմում, որ իր նախնիների հայրենիք Գողթին, հայտնի էր հայ գուսաններով: «Գուսան էր նաև իմ մեծ պապը: Հայրս պատմում էր, որ մեր տան մոտ գտնվող քարվանսարայում տեղի ունեցող մրցումներում նա միշտ հաղթում էր պարսիկ աշուղներին: Մեծ պապիս աղբյուրի մոտ սպանել են թուրքերը:Այնպես որ, պատմությունը նորից կրկնվում է»,-հոգոց է հանում նա:

 

Կարենի համար հպարտության թեմա է նաև նրա ազգակցական կապը կոմպոզիտոր Արամ խաչատրյանի հետ, ով նրա հարազատ տատի եղբորորդին էր: «Տատս պատմել է Խաչատրյանների երևանյան տուն կատարած այցելությունների մասին: Հայրս ինձ ցույց է տվել նրանց տունը Նիժնյայա Ազայում, որտեղ արդեն ադրբեջանցիներ էին ապրում: Բայց մեկ է, իսկույն երևում էր, որ այդ տունը հայկական է, ադրբեջանցիներն այնտեղ ոչինչ չէին փոխել: Այն ժամանակ ես չէի պատկերացում, թե ինչպիսի մեծություն է համաշխարհային անուն ունեցող այդ կոմպոզիտորը, բայց այսօր հպարտ եմ, որ նրա, թեկուզ հեռավոր, բայց ազգականն եմ»,-ասում է Բաբայանը:

 

Ապագան

 

Այսօր գրեթե ոչ ոք չի լքում Նոյակերտը, ով այդպիսի հնարավորություն ուներ, փաստականների մոտ կեսը, արդեն վաղուց հեռացել է: Այնուամենայնիվ, գյուղում ապրում են ոչ միայն Նախիջևանից, այլ նաև Բաքվից, Խանլարից, Միր-Բախիրից, մի խոսքով, Ադրբեջանի, փաստորեն, բոլոր շրջաններից եկած փասխտականներ:

 

Կարեն Բաբայանն արդեն ունի թոռներ, բայց նրանց համար Հայաստանում նա ապագա չի տեսնում: «Ինչո՞ւ եմ այսօր ապրում առանց իմ որդիների: Ինչո՞ւ են նրանք ստիպված ապրել Երևանում, միայն նրա համար, որ այնտես կա աշխատա՞նք»,-ռիտորիկ հարց է տալիս նա: Ինքը, Կարենը հող է մշակում, խաղող աճեցնում, պահակություն է անում դպրոցում, ինչով էլ գոյատևում է նրա ընտանիքը:

 

«Ես չեմ բողոքում, այս անցած տարիներին մենք սոված չենք եղել, չենք սառել, միշտ աշխատել ենք, ստեղծել: Բայց չէ՞ որ ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված:Ես գյուղացի եմ, աճեցնում եմ միրգ ու բանջարեղեն, բայց այն վաճառել չեմ կարող, ինչպես դա անում էին նախկինում: Երևանում պակասել է այն մարդկանց թիվը, որոնք ի վիճակի են գնել իմ աշխատանքի արդյունքները: Իսկ այդ ամենն ինձ վրա էլ է ազդում»,-ասում է գյուղացին:

 

Լավատես-փախստականը

 

Կարենի կինը՝ Աստղիկ Պետրոսյանն իրեն փախստական չի համարում, չնայած, որ նրա  նախնիները ծնունդով Սասունից են, որը վաղուց դարձել է Թուրքիայի մասը: Ժպիտով նայելով ամուսնուն, նա ասում է, որ նրան գյուղում բոլոր են սիրում ու հարգում: Հատկապես գյուղական ուսուցչներն ու երեխաները: «Նա միշտ կենսուրախ է, աջ ու ձախ կատակներ է անում: Կա մի մարդ, որը, երբ ավանակին նստած անցնում է մեր տան մոտով, կանգ առնում և ճանապարհը շարունակում է միայն Կարենի հետ զրույցն ավարտելուց հետո: Չգիտեմ ավանակի համար ոնց, բայց նրա համար այդ օրը միշտ լինում է հաջողված: Մեզ շատ բան պետք չէ: Թող լինի աշխատանք, որպեսզի երեխաները կարողանան պահել իրենց ընտանիքները»-ժպտում է աշխատավորի ձեռքերով այդ կինը:

 

«Գյուղացիները սովորել են բողոքել ծանր կյանքից, հատկապես լրագրողներին: Դա ավելորդ է: Կարելի է, և պետք է, լինել մեծ լավատես: Լավ եմ հիշում, թե ոնց էի Բաբկենին ու Նարեկին ստիպում սովորել հայրենասիրական երգեր: Անցան տարիներ, որդիներս մեծացան, առանց պրոբլեմների ծառայեցին բանակում: Եվ այն, որ այսօր ես հպարտանում եմ հայրենիքի պաշտպանությանը որդիներիս ներդրած լումայով, նշանակում է, որ իմ աշխատանքն իզուր չի անցել»,-համոզված է Նոյակերտցի լավատեսը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles