Ապրիլի 24-ից Հիմնադիր խորհրդարանը բողոքի շուրջօրյա գործողություններ կսկսի: Մարտի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, Հիմնադիր խորհրդարանի հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը:
Նա ընդսմին հավաստիացրել է, որ ՀԽ չի խոչընդոտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը: «Ապրիլի 24-ին մենք, ինչպես և բոլոր հայերը, հարգանքի տուրք ենք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ օրվա երկրորդ կեսին սկսելու ենք բողոքի շուրջօրյա և անժամկետ գործողություններ», - նշել է նա: Ընդ որում վետերանը չի ցանկացել բացահայտել կառույցի գործողությունների ռազմավարությունը, հավաստիացնելով, որ դա բացասաբար կանդրադառնա իրենց հետագա գործողությունների վրա: «Մենք տնից դուրս կգանք և կվերադառնանք այն ժամանակ, երբ այս ռեժիմն այլևս չի լինի», - ընդգծել է Սեֆիլյանը: Քաղաքական գործիչը նշել է, որ կառույցը մտադիր չէ համագործակցել այն քաղաքական գործիչների հետ, որոնց հեղինակությունը նախկինում արատավորվել է: «Մենք ուրախ կլինենք, եթե մեզ միանան Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը», - հայտարարել է նա:
Սեֆիլյանն ընդգծել է, որ մինչև ակցիաների մեկնարկն իշխանությունն ունի երկու տարբերակ. Գնալ զիջումների և պայմանավորվել բողոքավորների հետ, կամ դիմել ուժային քայլերի, որոնք արժանի պատասխան կստանան: «Եթե նրանք ընտրեն երկրորդ տարբերակը, ապա ժողովրդի ցասումն արդեն անհնար կլինի զսպել», - նշել է քաղաքական գործիչը: Նա նաև կառավարող վարչակազմին կոչ է արել ձեռնպահ մնալ ճնշումներից:
Սեֆիլյանը նաև Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել չվճարել բանկային վարկերն ու երթևեկության խախտումների համար տուգանքները` որպես ռեժիմի դեմ պայքարի եղանակներից մեկը: «Եթե քաղաքացիները ցանկանում են հաջողության հասնել, ապա պետք է հետևեն մեր կոչերին», - հայտարարել է նա: Ընդ որում քաղաքական գործիչը հավելել է, որ ոչ ինքը, ոչ էլ Հիմնադիր խորհրդրանի անդամները պատասխանատվություն չեն կրում տուգանքների և վարկերի վճարումից հրաժարվելու հետևանքների համար: