ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լքել է ԲՀԿ շարքերը: Պատգամավորի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ փետրվարյան իրադարձությունները երկրում իրավիճակ փոխեցին, և այլևս չկան այն ուժն ու կարողությունը, որոնք հայաստանցիներին ու երկրագնդով մեկ սփռված հայերին տալիս էին հույս ու հավատ և ոգևորության առիթ էին:
«Սակայն անկախ ամենից, կյանքը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ապրել: Մեր երկրը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի ահագնացող տեմպը, մենաշնորհների առկայությունը, ապօրինությունները, պետական կառավարման անարդյունավետությունը, իշխանությունների անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կենսակերպ ապահովելու անհնարինության նկատմամբ և բազմաթիվ այլ պրոբլեմներ կան ու մնալու են, եթե պայքարը չշարունակվի: Որպես մարդ, ով մինչև վերջ, նույնիսկ վերջից էլ ավել մնաց պայքարի էպիկենտրոնում, ով մնաց հավատարիմ այն քաղաքական կուրսին, որը որդեգրել և իրականացնում էր ԲՀԿ-ն, որը հիմա էլ ու սրանից հետո նույնպես մնալու է այդ համոզմունքների, քաղաքական կուրսի ու պայքարի մեջ` համարում եմ, որ այս նոր իրավիճակում անհրաժեշտ է այլ մարտավարություն, այլ ձևաչափ և այլ քայլերի իրականացում ոչ թե իրավիճակի հետ համակերպվելու, այլ իրավիճակի վրա ազդեցություն գործադրելու համար: Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է: Ինչպես եղել եմ ժողովրդի կողքին, այնպես էլ շարունակելու եմ մնալ, ամենասուր կերպով բարձրացնելու եմ մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու եմ դրանց լուծումները: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի:
Միևնույն ժամանակ պատիվ կհամարեմ համագործակցել ԲՀԿ-ի իմ հարգելի ընկերների հետ հանուն Հայաստանում առկա պրոբլեմների լուծման և ընդհանուր նպատակների իրականացման: «Բարգավաճ Հայաստան» -ի իմ գործընկերները միշտ աչքի են ընկել բարձր մարդկային հատկանիշներով, հայրենասիրությամբ ու մեր երկիրը բարելավելու ցանկությամբ», - ասվում է Տիգրան Ուրիխանյանի
հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը: