Մարտունակությունը նախ զորքն է, իսկ 70 տոկոսն ու հարյուր տարիներ հետո ուշքի չգալը լրիվ ՙռազմական խաղերի՚ ժանրից է, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը`մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը:
ՙԱրցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանում խոսում էին զենքից ու զենքից: Միայն այս պատերազմի դասալիքները չգիտեն, որ առաջին հերթին չեն մատնանշում զենքն ու տեխնիկան: Մարտունակությունը նախ զորքն է, իսկ 70 տոկոսն ու հարյուր տարիներ հետո ուշքի չգալը լրիվ ՙռազմական խաղերի՚ ժանրից է: Ռազմական գործից ամենատարրական գիտելիք ունեցող մարդը մի բան կառաջարկեր այս ՙհերոսին՚` չափել ջերմությունը զառանցանքի պատճառը հասկանալու համար: Հ.գ. երևում է պոռոտախոսության ու զառանցանքի մրցույթ կա սրանց սերունդների մեջ, հատկապես պատերազմից թռածների՚,- գրել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ հայկական կողմը ՙխուճապի մեջ է՚: ՙՄենք այնպիսի հարվածներ ենք հասցնում, որ նրանք վախենալով փախչում են: Նրանք չեն ուզում ծառայել շփման գծում, փախչում են՝ լքելով խրամատները: Թշնամին արդեն ստիպված է դիրքերում քաղաքացիական անձանց տեղակայել: Գերագույն գլխավոր հրամանատարն անում է ամեն ինչ մեր բանակը հզորացնելու համար: Մեր զինված ուժերն օրեցօր հզորանում են, գնվում է նոր սպառազինություն և տեխնիկա: Առաջին իսկ հարվածով մենք կոչնչացնենք հակառակորդի կենդանի ուժի 70 տոկոսը: Մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը 100 տարի հետո էլ ուշքի չեն գա՚,- հայտարարել է Հասանովը: