ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին աշխատողները մարտի 24-ին կրկին հերթական ակցիան են անցկացրել`իշխանություններից պահանջելով մարել աշխատավարձի գծով պարտքը: Ավելի վաղ նրանք դիմել էին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին`նշելով, որ իրենց իրավունքնները խախտվել են: Այսօր նաիրիտցիները երթով շարժվել են դեպի նախագահի նստավայրը, սակայն նրանց այնտեղ ոչ ոք չի դիմավորել, ինչից հետո նրանք շարժվել են դեպի խորհրդարանի շենքը:
Այստեղ նրանց են մոտեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը: Մանուկյանի խոսքով, գործարանի աշխատողները պետք է հետևողական և համախմբված լիենեն: ՙԿառավարությունը գիտակցաբար մոլորության մեջ է գցում ձեզ. ձեր որոշ գործընկերների աշխատավարձը տալիս են, ինչից հետո իրենք արդեն չեն ցանկանում ձեզ հետ միասին պայքարել՚,- դիմել է նաիրիտցիներին Մանուկյանը:Ցուցարարներին են մոտեցել նաև Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչներ Վարդան Այվազյանը և Գարեգին Նուշիկյանը, ովքեր խոստացել են օգնել խնդիրները լուծելու հարցում: Նաիրիտցիները նաև նամակ են ուղարկել գլխավոր դատախազին`պահանջելով հետաքննություն սկսել, ինչպես իրենք են կարծում, ձեռնարկության միջոցների յուրացման հետ կապված:
Հիշեցնենք, որ գործարանը պարապուրդի է մատնված 2010 թվականի ապրիլից: ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերը գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլարի վարկի դիմաց, որը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով, 12,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: 2006 թվականին ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերի 89,999 %-ը վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը պատկանում է 4,496%, ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին (ներկայում` ՙԳազպրոմ Արմենիա՚)` 3,596%-ը ՙԵրևանի ՋԷԿ՚ ՓԲԸ-ին` 1,907%: